Գրիզմանը կարող է տեղափոխվել ՄԼՍ

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը մոտ է կարիերան ամերիկյան ՄԼՍ-ում շարունակելուն: Ինչպես հայտնում են ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն և The Athletic պարբերականը, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Օռլանդո Սիթին»:

Ամերիկյան ակումբը հույս ունի հարձակվողի հետ պայմանագիր ստորագրել մինչև մարտի 26-ը՝ ՄԼՍ-ի տրանսֆերային պատուհանի փակվելը: Տեղափոխության դեպքում Գրիզմանը կստանա հատուկ կարգավիճակ, ինչը թույլ կտա շրջանցել լիգայում գործող աշխատավարձերի չափի սահմանափակումը։

Այնուամենայնիվ, կա մեկ խոչընդոտ. ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Ատլետիկոյից» մինչև եվրոպական ամառային տրանսֆերային պատուհանի բացվելը։ Մադրիդյան ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

Leave a Comment