2025 թվականին կոռուպցիոն հոդվածներով կարճվել է 565 քրեական վարույթ, որոնցից 433-ը՝ ռեաբիլիտացնող, 132-ը՝ ոչ ռեաբիլիտացնող: Այս տվյալները ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հրապարակել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։
Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով հետապնդումը դադարեցվել է 547 անձի նկատմամբ: Ձերբակալվել է 590 անձ։ Արթուր Նահապետյանն ասել է, որ չունեն կոռուպցիայի մակարդակի հստակ վիճակագրություն, բայց բացահայտման մեջ կա դրական դինամիկա:
«Ես այդ պնդումների հետ համաձայն չեմ»։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը համաձայն չէ այն դիտարկման հետ, որ իր ղեկավարած կառույցում քննվող քրեական վարույթները վերաբերում են բացառապես նախկին պաշտոնատար անձանց։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նա հայտարարեց, որ քրեական հետապնդումների մի զգալի մաս վերաբերում է նաև գործող պաշտոնյաներին։
«Տոկոսային հարաբերակցությամբ այս պահին չեմ կարող նշել, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեում այս պահին ևս իրականացվում են մի շարք ստուգողական գործողություններ, որոնց թիրախում ոչ թե նախկին պաշտոնյաներ են, այլ գործող պաշտոնյաներ»։
Այս տեղեկությունը ոչ միայն կաշառքի, այլև ապօրինի հարստացման դեպքերի մասին էր։ Ըստ կոմիտեի նախագահի՝ ապօրինի հարստացման դեպքերով այս պահին կոմիտեն բազմաթիվ ստուգողական գործողություններ է իրականացնում։ Բացի այդ, կան նաև քրեական վարույթներ, որոնցում ներգրավված են գործող պաշտոնյաներ։ Արթուր Նահապետյանն այլ մանրամասներ չներկայացրեց։ Միայն ասաց, որ 2025 թվականին ստեղծված թեժ գիծը արդյունավետ գործիք է եղել կոռուպցիոն դեպքերի բացահայտման և կանխարգելման համար։
«Մենք յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ստանում ենք հարյուրավոր հեռախոսազանգեր։ Երաշխավորում ենք դրանց գաղտնիությունը։ Ընդ որում ունենք վարույթներ, որոնք կատարվել են թեժ գծի ահազանգերով»։
Կոմիտեում կոռուպցիոն դեպքերի կանխարգելման մեխանիզների ու պատկերի մասին ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին պատասխանելով, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ասաց, որ կոռուպցիայի մակարդակի գնահատման վիճակագրություն չունեն, սակայն բացահայտման առումով կա դրական դինամիկա և համակարգային պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Արթուր Նահապետյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին նույնիսկ գերատեսչություններն իրենց ներսում են ստեղծել հակակոռուպցիոն վարչություններ և կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ։ Դեպքեր հայտնաբերելիս հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտե։

«Այս առումով, կարող եմ ասել, որ ունենք բացահայտման տեսանկյունից դրական դինամիկա, ինչը խոսում է ոչ թե կոռուպցիոն երևույթների և կոռուպցիոն հանցագործությունների աճի մասին, այլ բացահայտման ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքների մասին»։
Այդուհանդերձ, արդյո՞ք պետական մակարդակով կոռուպցիայի մասին չի խոսում այն, որ պարգևավճարներ են սահմանվում արդեն պետական, օրինական ճանապարհով՝ այս հարցին պատասխանելով, Արթուր Նահապետյանը դիտարկումներ արեց որպես իրավաբան։ «Կոռուպցիա» հասկացությունը գնահատվում է քրեական օրենսգրքի համապատասխան հավելվածով, որտեղ հստակ թվարկված են կոռուպցիոն հանցագործությունների տեսակներն ու հոդվածները։
Այն պարագայում, երբ կառույցը սահմանված կարգով պարգևավճար է տրամադրում աշխատողին, քրեական օրենսգրքի որևէ հոդվածի շրջանակում դա չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա, քանի որ բացակայում են հանցակազմի անհրաժեշտ հատկանիշները։ Իսկ պարգևավճարների բաշխման մասով գործում է կառավարության որոշմամբ սահմանված հստակ կարգ։ Դրանք հատկացվում են կատարողականի և սահմանված չափորոշիչների հիման վրա։
«Հետևաբար գործընթացը իրավական ակտով կարգավորված է, և որպես իրավաբան՝ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշ այս դեպքում չեմ տեսնում»։
Խոսքը հասավ նաև նախընտրական շրջանում հնարավոր իրավական խախտումներին։ Կոմիտեի նախագահը նախընտրեց զերծ մնալ հստակ գնահատականից։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Արթուր Նահապետյանը հրաժարվեց ասելուց՝ արդյո՞ք վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի կողմից անգլերենի անվճար դասընթացներ կազմակերպելու խոստումը կարող է պարունակել բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ։
«Ես այս պահին նման գնահատականներ կխուսափեմ տալ, որովհետև կոնկրետ Ձեր ասած դեպքով մենք հաղորդում Հակակոռուպցիոն կոմիտեում չունենք այս պահին, բայց վաղը, մյուս օրը, եթե ունենանք հաղորդում և, եթե հիմա ես Ձեր հարցին պատասխանեմ ու ասեմ` իրավական առումով այստեղ ունենք բարեգործության արգելքը խախտելու հանցակազմ կամ չունենք։ Դրանով ես ինձ կանխորոշում եմ, որպեսզի հետագայում իրավական պրոցեսներում համապատասխան ճիշտ իրավական որոշում, գնահատական տրվի։ Եթե մենք ունենանք Ձեր ասած դեպքով հաղորդում, կամ ունենանք ստուգողական գործողություններ, մենք դրանով կկայացնենք համապատասխան դատավարական որոշում և հանրությունը կիրազեկվի պատշաճ»։
Նահապետյանը բացատրեց գործող կարգը՝ Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը, վերաբերում է բարեգործության արգելքի խախտմանը։ Օրենքը գործում է այն պահից, երբ հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրում ընտրության օր նշանակելու վերաբերյալ, և մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը գործում է բարեգործության արգելքը, որը նախատեսված է նաև Ընտրական օրենսգրքով։
«Այդ հոդվածում սահմանվում է, թե ովքեր են հանցակազմի սուբյեկտները, ինչ պարագայում․․․․․»։
Լրագրողների այն դիտարկումը, թե որոշումները կարող են պայմանավորված լինել այս կամ այն կուսակցական պատկանելությամբ, Նահապետյանը համարեց սին խոսակցություն և օրինակ բերեց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեպքը։ Էջմիածնի ավագանու ընտրությունների ժամանակ արձանագրվել էր բարեգործության արգելքի խախտման կոնկրետ դեպք, որով որպես մեղադրյալ ներգրավված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը՝ բարեգործություն իրականացնելու համար։
«Նշված գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, մեղադրյալ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»։
Իսկ մարտի մեկի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ, հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը: Թե կոնկրետ ո՞ր դրվագով, Նահապետյանը չմանրամասնեց:
«Մարտի 1»-ի գործի շրջանակում մեղադրանքներ էին առաջադրվել Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին և ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: