Արշակ սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան

24 Փետրվարի, 2026

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով նախաքննության ավարտ հայտարարվեց։  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտպանության կողմն արդեն ծանուցվել է նախաքննության ավարտ հայտարարման մասին, քիչ անց նախաքննության ավարտի մասին ՔԿՀ-ում կծանուցվի նաև Սրբազանը։

Արշակ Սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։ Թե ինչի համար էր պետք այդ շոուն, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն է ձերբակալում,գիտեն թերեւս մտահղացման հեղինակները։ ՔԿ-ն պաշտոնապես հաղորդեց, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Մինչդեռ, ինչպես պարզվել է, խոսքը ոչ թե Սրբազանի կողմից իրացման մասին է, ինչպես ի սկզբանե փորձ էր արվում շահարկել, այլ՝ Սրբազանը մեղադրվում է  2018թ․ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով  պայուսակում թմրամիջոց դնելու հրահանգ տալու մեջ, ինչը պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ անհեթեթություն է։

Դեկտեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ՝ Արշակ Սրբազանը կալանավորվել է։

Ի դեպ, հենց Մասիս Մելքոնյանի որոշմամբ էլ կալանավորվել են  Միքայել և Բագրատ սրբազանները։

Leave a Comment