ԿԳՄՍ նախարար․ Ավտոսպորտի զարգացումը ՀՀ-ում կարող է ունենալ նաև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն

ԿԳՄՍ նախարար․ Ավտոսպորտի զարգացումը ՀՀ-ում կարող է ունենալ նաև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն

24 փետրվարի 2026 – 13:21 AMT

PanARMENIAN.NetԱվտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական և տեխնոլոգիական նշանակություն։ Այդ մասին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Անդրեասյանը կարևորել է այցը՝ ընդգծելով, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական և տեխնոլոգիական նշանակություն։ Նրա գնահատմամբ՝ այս ոլորտը կարող է ծառայել որպես ինժեներական կրթության խթանման արդյունավետ գործիք, մասնավորապես ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի շրջանակում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է FIA-ի նախաձեռնած «Մատչելի քրոսքար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի մասնագետները առաջին անգամ ստեղծել են քրոսքար մրցարշավային մեքենա՝ ամբողջ գործընթացն իրականացնելով Հայաստանում։ Նախարարը շեշտել է, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա բացահայտել երիտասարդների ներուժը, բարձրացնել ուսանողների ներգրավվածությունը և խթանել կիրառական գիտելիքների զարգացումը։

FIA-ի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորվել է մասնագիտական ներուժ, արձանագրվել է կազմակերպչական կարողությունների աճ և առաջընթաց։ Ներկայացնելով «Մատչելի քրոսքար» նախագիծը՝ ընդգծվել է, որ FIA-ն մշակել է համապատասխան նախագծային լուծումներ՝ տեղում արտադրություն կազմակերպելու հնարավորությամբ։

Նախագծի նպատակը միջավայր ստեղծելն է, որտեղ ավտոսպորտ մուտք գործելը հնարավոր կլինի առանց խոշոր ֆինանսական ներդրումների՝ տեղական արտադրության և սահմանափակ ռեսուրսների պայմաններում։ Հայաստանը դարձել է վերջին երկիրը, որը միացել է FIA-ի այս նախաձեռնությանը։ Միջազգային ֆեդերացիայի խորհրդատուն շուրջ տասը օր աշխատել է Հայաստանում՝ գնահատելով ձևավորված թիմի բարձր մասնագիտական կարողությունները։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում տեղացի մասնագետները ստեղծել են տեղական արտադրություն և ձևավորել փոքր, սակայն ամբողջական էկոհամակարգ, որն արժանացել է միջազգային փորձագետների դրական գնահատականին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև FIA-ի կրթաթոշակային ծրագիրը, որն իրականացվում է Միացյալ Թագավորության Քրենֆիլդի համալսարանում՝ մոտոսպորտային մեխատրոնիկա մասնագիտությամբ ուսանողների համար։

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության ընդլայնման, ուսանողների ներգրավման, փոխանակման ծրագրերի և համատեղ գիտակրթական նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և համատեղ ջանքերով զարգացնելու ավտոսպորտը Հայաստանում՝ որպես կրթական, տեխնոլոգիական և երիտասարդական ներուժի զարգացման կարևոր ուղղություն։

Leave a Comment