Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառել հայ-իրանական ավելի լայնածավալ զորավարժությունների անցկացումը

24 Փետրվարի, 2026

Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառել հայ-իրանական ավելի լայնածավալ զորավարժությունների անցկացումը։

«Հաշվի առնելով  այդ թվում պաշտպանական բնագավառում երկրների միջև առկա կապերը, նման միջոցառումներ կարող են տեղի ունենալ նաև ապագայում և լինել ավելի մասշտաբային»,- ասել է դեսպանը Խալիլ Շիրղոլամին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի գարնանը տեղի են  ունեցել երկօրյա համատեղ զորավարժությունները, որոնց ծրագրում ընդգրկված էին թեթև և ծանր զինատեսակների կիրառումը, հատուկ նշանակության ջոկատների  դիպուկահարների հմտությունների ցուցադրումը, պայթեցման գործողություններ, ինչպես նաև կրակային աջակցություն:

Դեսպանն այսօր նկատել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայումս  պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, ինչը նույնպես վկայում է երկու երկրների հարաբերությունների առաջընթացի մասին։

«Այս այցի շրջանակներում կողմերը կկարողանան կարծիքներ փոխանակել տարբեր թեմաների շուրջ և խորացնել համագործակցությունը», — ասել է դեսպանն՝ ընդգծելով, որ  Հայաստանի և Իրանի սահմանը միշտ եղել է խաղաղության սահման, եւ ռազմական ոլորտում համագործակցությունը հիմնված է պատմական կապերի, սահմանների անձեռնմխելիության և երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման վրա։

Leave a Comment