
«Մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք Քրեական օրենսգրքի համապատասխան հավելված դեպքով, և երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, Քրեական օրենսգրքի որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող մեկնաբանվել որպես կոռուպցիա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով կառավարության անդամների ստացած պարգևավճարներին:
Հարցին՝ խնդրահարույց չէ՞ նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել միայն բարձրաստիճան պաշտոնյաների համար, իսկ բաժիններինը՝ բավական ցածր, այստեղ էլ կոռուպցիա չկա՞, Նահապետյանը պատասխանել է. «Պարգևավճարների բաժանման հետ կապված կա համապատասխան կարգ: Այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես, որպես իրավաբան, չեմ տեսնում»:
Արթուր Նահապետյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ևս պարգևավճարներ եղել են. «Առաջիկայում մեր ներկայացրած հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում՝ ես, ստացել ենք: Կհայտարարագրեմ, կտեսնեք ամեն ինչ»: