
Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Էդիրնե քաղաքում գետերի ջրի մակարդակը հասել է վտանգավոր շեմի։ Մերիչ գետի ջրի ծավալի կտրուկ աճի հետևանքով Թունջա գետը սկսել է հետ մղվել, ինչի պատճառով քաղաքի կենտրոնում ջրի մակարդակը բարձրացել է։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Հնարավոր ջրհեղեղի վտանգի պայմաններում Էդիրնեի նահանգապետ Յունուս Սեզերի գլխավորությամբ ստեղծված ճգնաժամային շտաբի որոշմամբ, դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ և որոնողափրկարարական խմբեր։ Անվտանգության նկատառումներով փակվել է նաև Էդիրնեի պատմական կամուրջը։
Օժանդակ ուժեր են մեկնել նաև Յալովայից, Բուրսայից, Թեքիրդաղից և Սաքարիայից, որոնք տեղակայվել են քաղաքում և պատրաստ են անհրաժեշտության դեպքում ներգրավվել գործողություններում։