Ադրբեջանն Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիրը

24 Փետրվարի, 2026

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հավասար հնարավորություն» հ/կ նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։ «Ադրբեջանն Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։ Սա վանդալիզմ չէ։ Սա մշակութային ցեղասպանություն է։

Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։ Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։ Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։ Հուշարձանները կարելի է քանդել, բայց ժողովրդի հիշողությունը երբեք։ Պատմությունը հնարավոր չէ ջնջել»,- գրել է նա:

Leave a Comment