Գրոնո․ ՀՀ-ում ԵՄ առաքելության հետագա գործունեության հարցը Երևանն ու Բրյուսելը կքննարկեն պատշաճ ժամկետում

Գրոնո․ ՀՀ-ում ԵՄ առաքելության հետագա գործունեության հարցը Երևանն ու Բրյուսելը կքննարկեն պատշաճ ժամկետում

24 փետրվարի 2026 – 12:55 AMT

PanARMENIAN.NetՀայաստան-Եվրամիություն Գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը պատասխան է ԵՄ հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ հավակնություններին և արտացոլում է երկկողմ կապերի աճող դինամիկան: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ Գրոնոն ասել է, որ առաքելության մանդատի և հետագա գործունեության վերաբերյալ քննարկումները կանցկացվեն Երևանի և Բրյուսելի միջև պատշաճ ժամկետում՝ հաշվի առնելով խաղաղության գործընթացում արձանագրված զարգացումները, հայտնում է APA-ն:

«ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում է տեղակայվել Երևանի պաշտոնական հարցման հիմքով: Առաքելության գործող մանդատը 2025-ի հունվարին երկարացվել է ևս 2 տարով և ուժի մեջ է մինչև 2027-ի փետրվարի 19-ը»,-ասել է նա:

Վերադառնալով Հայաստան-Եվրամիություն Գործընկերության ռազմավարական փաստաթղթին՝ նա նշել է, որ ռազմավարական օրակարգը ներառում է ուղղությունների լայն շրջանակ, ներառյալ՝ ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, դատական համակարգի բարեփոխումները, մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական զարգացումը, կապակցվածությունը, էներգետիկ անվտանգությունը, թվային փոխակերպումը, առևտրի դիվերսիֆիկացումը, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում նոր համագործակցությունը:

«Ռազմավարական օրակարգը նաև ընդգծում է Ղարաբաղից հեռացած հայերի սոցիալական և տնտեսական ինտեգրմանն աջակցելու կարևորությունը Հայաստանի հասարակության մեջ»,- նշել է Գրոնոն:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարևորել է ԵՄ Global Gateway ծրագրի շրջանակում ռազմավարական ներդրումները, ինչպես նաև աջակցությունը այնպիսի նախաձեռնություններին, ինչպիսին է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո արձանագրվել են մի շարք դրական քայլեր, որոնք Եվրամիությունը ողջունել է։

ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարի 20-ին։ 2025–ի հունվարին որոշում ընդունվեց, ըստ որի եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027-ի փետրվարի 19-ը։Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը մեղադրում են «լրտեսական գործունեություն», «հեռադիտակային դիվանագիտություն» իրականացնելու մեջ:

2025թ․ դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։

Leave a Comment