«Ինտերը» դիտարկում է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը:
FcInterNews.it-ի տեղեկություններով՝ նոր համաձայնագիրը ենթադրում է աշխատավարձի մոտ 20% կրճատում և ֆուտբոլիստի կարգավիճակի փոփոխություն թիմում:
Թեև ընթացիկ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար լավագույններից չէ, նա շարունակում է վճռորոշ ազդեցություն ունենալ խաղադաշտում։
Միլանյան ակումբի ղեկավարությունը հասկանում է, որ հունվարին իր 37-ամյակը բոլորած կիսապաշտպանին խելամտորեն օգտագործելու և ֆիզիկապես չծանրաբեռնելու դեպքում՝ նա կարող է դեռ մեծ օգուտ տալ թիմին։ Նոր պայմանագրով նախատեսվում է Մխիթարյանին վերապահել ավելի շատ պահեստային, բայց չափազանց կարևոր խաղացողի դեր։ Ակումբում գնահատում են նրա փորձը, որը դրական է անդրադառնում թիմի վրա թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները կսկսվեն մարտին. արդեն նախատեսված է «Ինտերի» ղեկավարության հանդիպումը Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։ Սա կլինի առաջին հստակ քայլը՝ քննարկելու մեկամյա պայմանագրի մանրամասներն ու հասկանալու՝ արդյոք հնարավոր է գալ ընդհանուր հայտարարի հայ ֆուտբոլիստի՝ Միլանում մնալու հարցում։