Նեթանյահուն սպառնացել է Իրանին և Պուրիմի նախօրեին Իսրայելին միասնության կոչ է արել

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել է Իրանին, որ Իսրայելի վրա հարձակման դեպքում Թեհրանը հզոր հակահարված կստանա։

Նա ընդգծել է Իսրայելի ժողովրդի և բանակի միասնության կարևորությունը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Պուրիմ հրեական տոնի վրա, որը կնշվի 2026 թվականի մարտի 2-3-ը։

Քնեսեթում ելույթ ունենալով՝ Նեթանյահուն մերժել է ընդդիմադիր պատգամավորների քննադատությունը՝ նշելով, որ Իրանի շուրջ լարվածության ֆոնին բանավեճերը տեղին չեն։ «Մենք ապրում ենք դժվար և մարտահրավերներով լի ժամանակներում։ Ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ է սպասվում։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Ես այաթոլլայի ռեժիմին փոխանցել եմ, որ եթե թույլ տան, գուցե, իրենց պատմության մեջ ամենածանր սխալը և հարձակվեն Իսրայել պետության վրա, այնպիսի հզոր պատասխան կստանան, որ նույնիսկ չեն էլ կարող պատկերացնել», — ասել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Պուրիմի տոնի նախօրեին բոլոր իսրայելցիները «պետք է միավորվեն որպես ազգ և ուս ուսի տան»։ «Ես վստահում եմ մեր ժողովրդին և վստահում եմ ձեզ՝ Իսրայելի քաղաքացիներին։ Մենք արդեն ապացուցել ենք, որ երբ միասին ենք, մեծ բաների ենք հասնում։ Պուրիմի նախօրեին կգործենք միասին, և Աստծո օգնությամբ կապահովենք Իսրայելի հավերժությունը», — ասել է նա։

Պուրիմը հրեական ավանդույթի ամենաուրախ տոնն է։ Այն խորհրդանշում է մ.թ.ա. 5-րդ դարում Պարսկական կայսրությունում բնակվող հրեաների փրկությունն Արտաքսերքսես թագավորի մերձավոր Համանից:

Leave a Comment