Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինային նախատեսված 90 մլրդ եվրոյի վարկը

Հունգարիան չի աջակցել Ռուսաստանի դեմ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթին և արգելափակել է Ուկրաինային նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին M1 հեռուստաալիքի ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ամփոփելով ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները։

Նրա խոսքով՝ Բուդապեշտը նման որոշում է կայացրել՝ կապված Կիևի կողմից «Դրուժբա» նավթամուղով նավթի տարանցման դադարեցման հետ։

«Այսօրվա հանդիպման ժամանակ ես հստակ հասկացրել եմ, որ մենք չենք աջակցում պատժամիջոցների 20-րդ փաթեթին և դրա թույլտվությունը չենք տալիս։ Եվ ես հստակ հասկացրել եմ, որ մենք չենք համաձայնի Ուկրաինայի կողմից 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկի ստացման»,- ասել է Սիյարտոն հունգարացի լրագրողներին։

Leave a Comment