Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով մեկ միավորի նահանջ է գրանցել 2024-ի համեմատ։ 2018-ից հետո իշխանությունները կոռուպցիայի նկատմամբ «զրո հանդուրժողականության» մասին են հայտարարել, ձևավորվել են նոր հակակոռուպցիոն կառույցներ, խստացվել է օրենսդրությունը։ Մամուլի ազգային ակումբի «Հրատապ թեմա» ծրագրի շրջանակում «Ամնեստի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոգտանյանը վերլուծել է, թե ինչպես է փոխվել մեր երկրում կոռուպցիայի ընկալումը։ Նրա խոսքով՝ 2018-22 թթ․ դրական արդյունք ազդարարած կոռուպցիոն ընկալման համաթիվը 2025-ին «լճացում» է արձանագրում։ Ըստ փորձագետի՝ դա խոսում է այն մասին, որ հակակոռուպցիոն պայքարի նկատմամբ ձևավորված ակնկալիքները բավարար չափով չեն արդարացել։
2019-20 թթ․ կոռուպցիոն ընկալման համաթիվը կտրուկ լավացել էր՝ 35-ից դառնալով 42, ապա բարձրանալով մինչև 49։ «Ամնեստի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոգտանյանի խոսքով՝ դա պայմանավորված էր որոշակի սպասելիքներով։ Կոռուպցիան համարվում էր լուրջ խնդիր, ինչի պատճառով նաև, ըստ փորձագետի, 2018-ին մարդիկ դուրս եկան փողոց։ Հետագա լավացումը զգալի էր, սակայն ոչ բավարար, պարզաբանեց Հոգտանյանը։ Նրա խոսքով՝ 2024–25 թթ. կոռուպցիոն ընկալման համաթիվը տատանվել է 46-ից 47-ի միջև։ 2025–ին այդ ցուցիչը 47-ից իջել է 46-ի։ Փորձագետը դա համարում է«լճացում» և կարծում է, որ մարդկանց ակնկալիքները չեն արդարացվել։
«Սա բավականին տհաճ երևույթ է, անկեղծ ասած, ու մեզ թող չուրախացնի այն փաստը, որ ասենք մեր հարևանների մեջ մենակ Վրաստանն է, որ մեզնից ավելի լավ վիճակում է, այնտեղ համաթիվը 50 է. այնտեղ էլ բավականին նվազել է, ասեմ՝ լավագույն ժամանակ նա հասնում էր մինչև 58-ի»։
Թեպետ մեր մյուս հարևան երկրների, նաև ԵԱՏՄ երկրների համեմատ Հայաստանի ցուցանիշը շատ ավելի լավ վիճակում է, Հոգտանյանը նշում է, որ դա մեզ չպետք է ուրախացնի, քանի որ 50-ից ցածր համաթվի դեպքում կոռուպցիան համարվում է լուրջ խնդիր, քանի որ ազդում է երկրի տնտեսական, քաղաքական զարգացման վրա։
«Մենք ունենք այս իրավիճակը, որ դեռ մենք չենք դուրս եկել այն իրավիճակից, որ ասենք, հա՛, կոռուպցիա կա, բայց դա առանձնապես չի ազդում»:
Անդրադառնալով իշխանությունների որդեգրած հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ մասնագիտացված մարմինների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը, Հոգտանյանը նշում է, որ դրանք չեն ազդել կոռուպցիոն ընկալումների վրա։ Սա չի նշանակում, թե արդյունք չկա։ Նրա ձևակերպմամբ՝ չկա այն արդյունքը, որն ակնկալվում էր։
«Ենթադրվում էր, որ այդ ամենը կուժեղացնի պայքարը կոռուպցիայի դեմ, բայց մենք տեսնում ենք ընկալումներով, որ իրավիճակը էապես չի փոխվել»:
Գործող իշխանությունները տարբեր ժամանակներում հայտարարել են զրո հանդուժողականություն կոռուպցիայի, հատկապես համակարգային կոռուպցիայի նկատմամբ։ Արդյո՞ք կոռուպցիոն ընկալման համաթիվը կարող է վկայել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, թե՞ խոսքը առանձին՝ փոքր մասշտաբի կոռուպցիայի մասին է։ Հոգտանյանի խոսքով՝ նման բան ասել չի կարող, քանի որ այդպիսի եզրահանգումը պահանջում է ավելի խորքային ուսումնասիրություն։
«Ես, օրինակ, ավելի շատ հակված եմ ասելու, որ սա ավելի grand corruptionի՝ մեծ կոռուպցիայի և բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի պատկերն է, քանի որ 50-ից ցածր է, մենք հաստատ կարող ենք ասել, որ սա փոքր մասշտաբի կոռուպցիա չի, սա ավելի բարձր է, բայց համակարգայինը շատ ավելի լուրջ ուսումնասիրություն է պետք, դուք պետք է ուղղակի համակարգը նայեք, ուսումնասիրեք»։
Հոգտանյանը նաև քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձավ։ Այս համատեքստում նա դրական է գնահատում օրենսդրական փոփոխությունները, որոնցով որոշակի խստացումներ են արվել։ Մասնավորապես՝ այդ համատեքստում է նա դիտարկում վերջերս ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունը, ըստ որի՝ այն օրվանից, երբ ԿԸՀ–ն հրապարակում է ընտրության ամսաթիվը, արգելվում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բարեգործությունը։ Փորձագետը դա դիտարկում է քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի մի մասը, սակայն, կարծում է, որ բուն խնդիրը օրենքն առանց խտրականության կիրառելն է։