Քաղաքապետարանի և շինարարի «հեռակա» բանավեճը․ ո՞վ է մեղավոր փոսալցման աշխատանքներում

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցել է մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքների շուրջ սուր քննարկումների մթնոլորտում։ Օրակարգի առանցքում դարձյալ եղել է  մայրաքաղաքի փողոցների վնասված ծածկույթի վերականգնման ու փոսալցման աշխատանքների որակի հարցը։

Մինչ քաղաքային իշխանությունները դժգոհում են շինարարների աշխատանքի որակից, կապալառու ընկերության ներկայացուցիչները հակադարձում են՝  աշխատանքն արվում է սահմանված չափորոշիչներով։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գոհ չէ մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքների որակից։ Նրա խոսքով՝ որոշ հատվածներում կան լուրջ խնդիրներ՝ ներառյալ բիտում չօգտագործելու դեպքերը․ սա այն նյութն է, որն ավելի ամուր է դարձնում ասֆալտը։  

Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը հաստատում է՝ խախտումներ արձանագրվել են Վարդանանց փողոցում և ոչ միայն։

«Դեպք է տեղի ունեցել Վարդանանց փողոցում, և այլ փոքր մասշտաբի դեպքեր ունենք, որոնք Facebook-ում չեն հայտնվել, բայց որոնք մենք գրանցում ենք»։

Անդրանիկ Թևոսյանն ասում է, որ խնդիրները գրանցում են պատասխանատու մասնագետները՝ ինժեներները։ Քաղաքապետը, սակայն, միայն նրանց վերահսկողությունը բավարար չի համարում։ Կարծում է, որ շինարարական կազմակերպությունները առանց տեղում մշտական վերահսկողության հակված են խախտումների։ 

«Տեղի է ունեցել անվերահսկելի, հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք, և «Բալահովիտ 1»  ընկերությունը թող իրեն կարգի բերի։ Պետք է մարդ նշանակեն տեղում, որովհետև երբ չկա վերահսկողություն, պարզվում է՝ ով ոնց կարող է, մի բան պակաս է անելու»։

Օրերս, «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը նույնպես հաստատել էր, որ Վարդանանց փողոցում փոսալցման աշխատանքները կատարվել են առանց բիտումի։ Նա նշել էր, որ շինարարների աշխատանքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել։

Այս գնահատականին համաձայն չեն շինարարական կազմակերպությունում։  «Բալահովիտ 1» ընկերության փոխտնօրեն Մհեր Բաղդասարյանն ասում է, որ  փոսալցման աշխատանքները կատարել են ծավալաթերթին համապատասխան՝ «բիտումային էմուլսիա» կոչվող նյութով։

«Չէ՛, առանց բիտում չի եղել։ Բիտումը տարել են, բիտում փռող սարքով նորմալ փչել են։ Այստեղ բիտում չի տրված, այլ բիտումային էմուլսիա, ինչն էլ մենք օգտագործում ենք և տարել փչել ենք»։

Փոխտնօրենը հավելում է, որ անհրաժեշտ նյութերի խնդիր չկա, քանի որ ունեն բիտումային էմուլսիայի գործարան, որն էլ մատակարարում է պահանջվող ծավալը։

«Վիդեոներն էլ ունենք, թե ինչպես է բիտումային էմուլսիան փչվել այդտեղ։ Ուղղակի այդ պահին ասֆալտով բեռնված մեքենան այդտեղ են դատարկել, որ հետո տեղափոխեն մնացած փոսալցումն անեն։ Եկել ու նկարել են, որ առանց բիտում է։ Եթե մեր աշխատակիցները հասնեին այդտեղ, պարզ է, որ նորից բիտում պետք է ավելացնեին, ինչը թերի էր, պետք է վերացնեին ու շարունակեին աշխատանքները»։

Շինընկերության հիմնավորումը հաստատում է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։ Մարատ Սևոյանը, անդրադարնալով օրերս հրապարակված տեսանյութին, նշում է, որ խնդիրը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով։

«Տվայլ տեղը բիտումով ասֆալտ է արված և բերված է պատշաճ կարգի»։

Երևանի քաղաքապետն առաջարկում է արված աշխատանքի որակը հասկանալու համար պարբերաբար փորձաքննություն անցկացնել։ Տիգրան Ավինյանը հետաքրքրվում է նաև ձյան առատ տեղումներից հետո փողոցներում մնացած աղի և ավազի մաքրման աշխատանքների տեմպերով։

Քաղաքապետարանը խոստացել էր մաքրման աշխատանքներն ավարտել այս շաբաթ։ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը բացատրում է, թե ինչու է դանդաղում աշխատանքը։ 

«Մայրաքաղաքի փողոցների մաքրումը աղավազային խառնուրդի մնացորդներից  ինտենսիվորեն շարունակվում են։ Աշխատանքները փոքր ինչ դանդաղում են, քանի որ կուտակված շերտը բազմաթիվ փողոցներում բավական հաստ է և կոշտացած, և հնարավոր է հեռացնել միայն տրակտորներով և բահերով»։

Կատվալյանի փոխանցմամբ՝ մաքրման աշխատանքների մոտ 70 %-ն արդեն արված է, իսկ աշխատանքն ամբողջությամբ կավարտվի ընթացիկ շաբաթվա ընթացքում։

Leave a Comment