Եվրոպայում Հայաստանն ընկալվում է որպես օրինակելի երկիր․ ԵԱՀԿ ԽՎ երկօրյա նիստերը Վիեննայում

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ երկօրյա նիստի ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ուշադրության կենտրոնում է եղել հատկապես երկու հարց՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հիբրիդային պատերազմն ու տարածաշրջանում հաստատվող խաղաղությունը։ Առհասարակ, քննարկումների առանցքում են եղել ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների խնդիրները, ժողովրդավարական հարցերը, ինչպես նաև տնտեսական, բնապահպանական ուղղությունները:

ԵԱՀԿ ԽՎ հաջորդ նիստը գումարվելու է հուլիսին Հաագայում։ Այսինքն՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից գրեթե մեկ ամիս հետո։ Մինչև ընտրությունները, ի դեպ, Ավստրիայում հնչած գնահատականներով՝ Հայաստանը Եվրոպայում ընկալվում է որպես օրինակելի երկիր։

ԵԱՀԿ անդամ երկրներից 2026–ին ընտրություններ են նախատեսվում երկուսում՝ Հայաստանում և Հունգարիայում։ Եվրոպական երկրներից շատերը ընտրական գործընթացները դիտարկելու համար ընտրել են Հայաստանը։

ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանը տարբեր առումներով Եվրոպայում այսօր ընկալվում է որպես օրինակելի երկիր։

«Քննարկումների ընթացքում մի շարք երկրներ իրենց ցանկությունն են հայտնել գալ՝ հենց Հայաստանի ընտրությունները դիտարկելու, որովհետև մենք պետք է արձանագրենք նաև, որ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները, ըստ էության, օրինակելի են մի շարք երկրների համար։ Շատ մեծ հետաքրքրություն կա հատկապես այս շրջանում, երբ խաղաղություն է հաստատվել հենց այս համատեքստում, գալու Հայաստան, դիտարկելու ընտրական գործընթացներն արդեն նոր իրականությունում»։ 

Մինչդեռ Հայաստանի խորհրդանական ընդդիմության ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը տեղին է համարում խոսել ժողովրդավարության անկման մասին։ Նա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում ուշադիր հետևելու Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ճշմարտացիորեն զեկուցելու դրանց մասին և պաշտպանելու ազատության, բազմակարծության և իրավունքի գերակայության հիմնարար արժեքները:

«Մենք մոտենում ենք 2026–ի ընտրություններին այնպիսի պայմաններում, որոնք այլևս չեն համապատասխանում ազատ և արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին: Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի: Դատական համակարգի անկախությունը փաստացիորեն փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը: Որպես Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ հավատում եմ քաղաքական մրցակցությանը և ժողովրդավարական ապագային: Սակայն, ժողովրդավարությունը չի կարող գոյատևել բռնաճնշումների պայմաններում»:

Այլ տեսակետ է հայտնել Արթուր Հովհաննիսյանը։ Համակարգված ապատեղեկատվական արշավների, կիբեռհարձակումների, արհեստական բևեռացման խթանման և արտաքին քաղաքական շահերով պայմանավորված՝ ազդեցության գործողությունների մասին խոսելիս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն անհրաժեշտ է համարել ժողովրդավարությունը պաշտպանել նոր գործիքներով։

«Ուշադրությունն էի հրավիրում մեր գործընկերների, որ այս պահին այն թեմայից, որի մասին մենք խոսում ենք, դրա վառ օրինակները դրսևորվում են հենց Հայաստանում, և կան Հայաստանում ուժեր, որոնք սպասարկում են արտաքին օրակարգեր, փորձում են արտաքին ազդեցություն հաստատել Հայաստանում, հատկապես ընտրական գործընթացների, ընտրությունների ժամանակ։ Բնականաբար, այս ամենը ուղեկցվում է հիբրիդային հարձակումներով, ամենատարբեր դրսևորումներով։ Ես նաև խոսեցի անհրաժեշտության մասին` համատեղ ուժերով պայքարելու այս ամենի դեմ, որովհետև սա միայն Հայաստանի խնդիրը չէ։ Բնականաբար, բոլորն էլ խոսում էին ուժերի մեկտեղման մասին։ Վերջ ի վերջո, ԵԱՀԿ ԽՎ–ն հենց այդ տրամաբանությամբ էլ, ի սկզբանե, ստեղծվել է, որպեսզի ուժերի համատեղմամբ կարողանանք խնդիրներ լուծել»։

Արտախորհրդարանական ընդիմադիր ուժերից «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատում է, որ ժողովրդավարության խնդիրները Հայաստանում սկսվում են սահմանադրությունից։ Նա խոսում է ընտրակարգի մասին, որի փոփոխություն նոր սահմանադրության մեջ նախատեսված չէ։

«Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում ժողովուրդը ընտրում է պատգամավորներին, որոնք իրենց ներկայացնում են Մեծ Բրիտանիայի պառլամենտում, Միացյալ Նահանգներում՝ Կոնգրեսում և Սենատում բոլորը ընտրվում են ուղղակի ընտրական կարգով։ 2015–ի սահմանադրական փոփոխություններով՝ ՀՀ–ում քաղաքացին սկսել է չձևավորել պետական իշխանությունը կամ ձևավորել միջնորդավորված ձևով։

Մենք պետք է գնանք ընտրենք կուսակցական ցուցակներ, որ կուսակցական ցուցակներից ինչ–որ մարդիկ դառնան պատգամավոր, հետո ինչ–որ մարդիկ կարող է մանդատները վայր դնեն։ Սահմանադրաիրավական տեսանկյունից ընտրությունների ժամկետներն էլ են պրոբլեմ։ Ժամանակին ՀՀ–ում մենք 4 տարին մեկ ձևավորում էինք ԱԺ, հիմա 5 տարին մեկ ենք ձևավորում։ 3 տարին մեկ ընտրում էինք մեր համայնքի ղեկավարներին, հիմա 5 տարին մեկ է։ Որքան ժամկետը հեռվացած է, այնքան քիչ ժողովրդավարություն է, այնքան քաղաքացին քիչ ունի հնարավորություն իր քվեարկությամբ մասնակցելու իշխանության ձևավորման, որոշումների կայացման գործընթացին»։

Հայաստանում սպասվող ընտրությունների և Հարավային Կովկասում հաստատվող խաղաղության գործընթացի քննարկումներն այս փուլում միայն Հայաստանում չէ, որ միահյուսվում են։ Հարցերի քննարկումն այդկերպ ծավալվեց նաև ԵԱՀԿ ԽՎ–ում։ Ընդ որում՝ շատերն ընգծում էին, որ ուղիղ մեկ տարի առաջ անգամ ԵԱՀԿ ԽՎ հարթակում անհնար էր պատկերացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսություն։

Չնայած ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության միջավայրի վատթարացմանը և կազմակերպության անդամ պետությունների միջև աճող բևեռացմանը՝ պետք է արձանագրվի, որ Հարավային Կովկասում առկա են դրական փոփոխություններ, հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ–ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցությունների, ինչպես նաև TRIPP–ի մասին խոսելուց հետո նա հայտարարել է․

«Մենք համոզված ենք, որ եկել է պահը առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որն իրավականորեն կամրագրի խաղաղությունը և կնպաստի տնտեսական գործակցության ընդլայմանը՝ ամրապնդելով երկարատև կայունությունը»:

Խաղաղությունը խոչընդոտող գործոնների մասին է խոսել ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Անդրադառնալով Բաքվում վերջերս հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարության ցմահ ազատազրկման վճիռներին, նա հայտարարել է, որ դրանք դատավարություններ էին, որոնք որևէ առնչություն չունեն միջազգային իրավունքի նվազագույն չափանիշների հետ։

«ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու մանդատ ունեցող միակ կառույցն էր, ոչ միայն չկարողացավ կանխել դեպքերի այսպիսի ընթացքը, այլև գործնականում անտարբեր մնաց այդ դատավարությունների նկատմամբ: Սա ոչ միայն որևէ առնչություն չունի խաղաղության հետ, այլև քաղաքական կամքի և պատասխանատվության ի սպառ բացակայության նշան է: Նման անգործությունը խարխլում է վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ և թուլացնում իրավունքի գերակայության հարգանքը տարածաշրջանում»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանն իր հերթին ընդգծել է Հայաստանում իշխող ուժի դիրքորոշումը Հարավային Կովկասում ապագա իրադարձությունների առնչությամբ։

«Առաջնորդությունը պահանջում է պատասխանատվություն: Ավելի հեշտ է պահպանել թշնամանքը, ավելի դժվար է ընտրել փոխզիջումը: Ավելի հեշտ է խոսել զգացմունքների լեզվով, ավելի դժվար է խոսել երկարաժամկետ պատասխանատվության մասին: Իսկական ուժը դրսևորվում է ոչ թե հակամարտությունը երկարաձգելու, այլ այն ավարտելու կարողությամբ: Մեր ընկալմամբ խաղաղությունը խորհրդանշական փաստաթուղթ չէ: Այն տարածաշրջանային տրամաբանության փոխակերպում է: Այն ռազմավարական ընտրություն է»։

Իշխանական պատգամավորը Վիեննայում ընդգծել է, որ Հայաստանի վարչապետը բացահայտորեն խոսում է բարդ իրողությունների մասին և հասարակությանը փոխանցում, որ խաղաղությունը պահանջում է խիզախություն: Այն պահանջում է քաղաքացիներին պատրաստել ոչ թե նոր էսկալացիայի, այլ համակեցության: Պատգամավորն ընդգծել է՝ միշտ չէ, որ սա հեշտ ուղերձ է:

Leave a Comment