Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել հորդորելով զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից: Հայտարարությանն է անդրադարձել Փաստաբանների պալատը։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը (այսուհետ’ Պալատի խորհուրդ), մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Մարինե Ֆարմանյանի, Ռոման Ահարոնյանի, Թամարա Բաղդասարյանի, Վարազդատ Հարությունյանի, Արսեն Հարությունյանի, Դավիթ Վարդիկյանի, Էմին Բեգլարյանի, Ռուբեն Հակոբյանի, Դավիթ Մելքոնյանի, Պավել Գյուլումյանի, Ցոլակ Մարգարյանի, քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի 2026թ. փետրվարի 20-ին տարածած՝ փաստաբաններին ուղղված հայտարարությունը,
Բարձրագույն դատական խորհուրդը 2026թ. փետրվարի 20-ին դատական իշխանության պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածել պնդելով մասնավորապես, որ՝
– փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, և միտում ունեն վարկաբեկելու դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը,
– խիստ մտահոգիչ է, երբ արդարադատության իրականացմանը մասնակցող մեկ այլ կարևոր ինստիտուտի՝ փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ հանրային հարթակներում սեփական դատողությունները որպես բացարձակ ճշմարտություն հրամցնում են հանրությանը։
– փաստաբաններն իրենց ապահովագրելու նպատակով երբեմն օգտագործում են «իմ կարծիքով», «թվում է», «ես գտնում եմ» անվտանգության բարձիկ հանդիսացող ձևակերպումներ:
Նույն հրապարակման մեջ Բարձրագույն դատական խորհուրդը պնդում է արել առ այն, որ սոցիալական հարթակներում մեծ լսարան ունեցող փաստաբանները կիրառում են «կանխատեսելի սխեմաներ» նշվածը վերագրելով նաև փաստաբան Արա Զոհրաբյանին:
ՄԱԿ-ի 1990թ. Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներով սահմանվում է՝ փաստաբանների պարտականությունների մեջ է մտնում, inter alia, «իրենց վստահորդներին բոլոր պատշաճ միջոցներով օգնելը, և նրանց շահերը պաշտպանելու ուղղությամբ իրավական գործողություններ ձեռնարկելը» (կետ 13(բ)):
Նույն սկզբունքների 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները ա) կարողանան իրենց մասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամ անարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում։
Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտական գործունեության պաշտպանության մասին» կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ Կողմերն ապահովում են փաստաբանների իրավունքը՝ հանրությանը տեղեկացնելու իրենց վստահորդների գործերին առնչվող հարցերի մասին՝ հաշվի առնելով միայն այն սահմանափակումները, որոնք նախատեսված են օրենքով և բխում են մասնագիտական պարտականություններից, արդարադատության իրականացման և մասնավոր կյանքը հարգելու պահանջներից, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում։
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Դատավորների և փաստաբանների փոխհարաբերությունների մասին» 2013թ․ թիվ 16 կարծիքի 25-րդ կետի համաձայն՝ Պրոֆեսիոնալ գործընկերների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և արդարադատության արդար իրականացման հարգանքի՝ Փաստաբանների և իրավաբանների միությունների եվրոպական խորհրդի «Եվրոպական իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների մասին» խարտիայում սահմանված սկզբունքներով պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:
Մորիսն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 29369/10, ՄԻԵԴ 2015թ. գործով դատարանը նշում է`
§ 132. Փաստաբանների հատուկ կարգավիճակը արդարադատության իրականացման գործում նրանց կենտրոնական դեր է հատկացնում՝ որպես հասարակության և դատարանների միջև միջնորդներ։ Այդ պատճառով նրանք կարևոր դեր են կատարում՝ ապահովելու համար դատարանների նկատմամբ հանրային վստահությունը, քանի որ դատարանների առաքելությունը հիմնարար նշանակություն ունի իրավունքի գերակայության վրա հիմնված պետությունում։(…)
§ 134. Հետևաբար, խոսքի ազատությունը կիրառելի է նաև փաստաբանների նկատմամբ։ Այն ներառում է ոչ միայն արտահայտվող գաղափարների և տեղեկատվության բովանդակությունը, այլ նաև դրանց ներկայացման ձևը։
Այսպիսով, փաստաբանները, մասնավորապես, իրավունք ունեն հրապարակայնորեն մեկնաբանելու արդարադատության իրականացումը, պայմանով, որ նրանց քննադատությունը չգերազանցի որոշակի սահմաններ։
Այդ սահմանները բխում են փաստաբանական վարքագծի կանոններից (…)
§ 135. Խոսքի ազատության հարցը սերտորեն կապված է փաստաբանական մասնագիտության անկախության հետ, որը վճռորոշ նշանակություն ունի արդար դատաքննության արդյունավետ իրականացման համար։
§138.Անդրադառնալով դատարանի դահլիճից դուրս արված դիտողություններին՝ Դատարանը վերահաստատում է, որ վստահորդի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև հեռուստատեսությամբ հանդես գալու կամ մամուլում արված հայտարարության միջոցով և այս ուղիներով փաստաբանը կարող է հանրությանը տեղեկացնել այն թերությունների մասին, որոնք կարող են խաթարել մինչդատական վարույթը։ Նմանապես, այն դեպքերում, երբ գործը լայնորեն լուսաբանվում է լրատվամիջոցներում՝ փաստերի լրջության և հնարավոր ներգրավված անձանց պատճառով, փաստաբանը չի կարող պատժվել դատական քննության գաղտնիությունը խախտելու համար, եթե նա ընդամենը արտահայտել է իր անձնական կարծիքը այն տեղեկատվության վերաբերյալ, որն արդեն հայտնի է լրագրողներին և որը նրանք մտադիր են հրապարակել՝ այդ մեկնաբանություններով կամ առանց դրանց։ (…)
Փաստաբանը չի կարող պատասխանատվություն կրել մամուլի կողմից իր խոսքերի փոփոխման կամ խմբագրման համար։
§ 139. (…) Գուվեյա Գոմես Ֆերնանդեսի և Ֆրեյտաս է Կոստայի գործի հանգամանքներում դատավորների հասցեին սարկաստիկ կամ սուր, բայց ոչ վիրավորական արտահայտությունները համարվել են համատեղելի 10-րդ հոդվածի հետ։
Վերոգրյալի համատեքստում Պալատի խորհուրդն անընդունելի է համարում Բարձրագույն դատական խորհրդի՝ փաստաբանության և կոնկրետ փաստաբանի մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակած հայտարարությունը, դիտարկելով այն ոչ իրավաչափ և միջամտություն փաստաբանի անկախությանը:
Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով’
Պալատի խորհուրդը’
- Դատապարտել փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի 20.02.2026թ. հայտարարությունը:
- Արձանագրել, որ փաստաբանների կողմից դատավորների հասցեին սուր քննադատությունները (սակայն ոչ վիրավորական) համատեղելի են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի (Արտահայտվելու ազատություն) հետ: