ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված գույքի բռնագանձման պահանջով հայցը մերժվել է

2025 թվականի ապրիլի 30-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել Լոկալ Դիվելոփըրզ ՍՊԸ-ին  պատկանող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Նույն օրը գործը մակագրվել և հանձնվել է դատավոր Ռուդոլֆ Ավագյանին։

Ներկայացվող հայցապահանջը։ Լոկալ Դիվելոփըրզ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին։

Հայցադիմումը մերժելու մասին որոշումը։ 2025 թվականի մայիսի 14-ին հրապարակված որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի։ Հայցի հիմքում դրված էր այն հանգամանքը, որ ընկերությունը, պետական գույքի օտարման պայմանագրով ստանձնելով ներդրումային պարտավորություն, չի իրականացրել առնվազն 150 մլն դրամի չափով ներդրում՝ գույքի վերանորոգման և վերականգնման նպատակով։

Ըստ ներկայացված նյութերի՝ գույքը 2007 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ օտարվել էր ընկերությանը ուղղակի վաճառքի եղանակով։ Պայմանագրով նախատեսվել էր ներդրումային պարտավորություն, որի չկատարման դեպքում լիազորված մարմինը կարող էր դիմել դատարան՝ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով։

Դատարանն, ուսումնասիրելով հայցադիմումն ու իրավական հիմքերը, եզրակացրել է, որ տվյալ վեճը բխում է հանրային իրավահարաբերություններից։ Մասնավորապես, այն վերաբերում է պետական գույքի մասնավորեցման գործընթացում ստանձնած պարտավորությունների կատարմանը և հանրային շահի պաշտպանությանը։ Դատարանի գնահատմամբ՝ նման պահանջի ներկայացմամբ պետական մարմինը կամ նրա փոխարեն հանդես եկող դատախազությունը փաստացի դիմում է իրավաբանական անձին որոշակի իրավունքից զրկելու պահանջով, ինչն իր բնույթով վարչական իրավահարաբերություն է։ Հետևաբար, վեճը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով։

Դատարանի կողմից կայացրած որոշումը։ Այս հիմնավորմամբ դատարանը գտել է, որ հայցը չի կարող քննվել քաղաքացիական դատավարության շրջանակում և, հղում անելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածին, մայիսի 14-ին մերժել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում:

Որոշման բողոքարկումը։ Մայիսի 26-ին Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում բողք է ստացվել կայացված որոշման դեմ։ Գործը մայիսի 30-ին մակագրվել է Գոռ Թորոսյանին, վերջինս 2025 թվականի հունիսի 5-ին գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։ Բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով։ Հունիսի 27-ին Վերաքննիչ դատարանը որոշոում է կայացրել բողոքը ամբողջությամբ մերժելու և դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու մասին։

 

Leave a Comment