Արմավիր քաղաքում հիմնովին քանդվելու են թիվ 8 և 6 դպրոցների շենքերը: Դրանց շահագործման ժամկետն արդեն սպառվել է: Երկու դպրոցներն էլ ներառվել են նոր կառուցվող դպրոցների ցանկում: Այս տարի նոր դպրոց կկառուցվի նաև սահմանամերձ Արաքս գյուղում, որտեղ բարձր խոնավության պատճառով դպրոցի շենքից պարբերաբար քարաթափումներ են լինում:
Արմավիրի ավագանին օրեր առաջ նախնական համաձայնություն է տվել թիվ 8 դպրոցի շենքի կառուցման համար նախատեսված գործողություններին։ Ամենայն հավանականությամբ շինարարությունը կսկսվի ամառային աձակուրդներին: Իսկ Արմավիրի թիվ 6 դպրոցի կառուցումը նախատեսվում է եկող տարի։ Այս դպրոցում շատ խնդիրներ կան, որոնք մասնակի լուծվում են: Աշնանը հիմնանորոգել են կոյուղին, որը որոշակի անհարմարություններ էր առաջացրել դպրոցում՝ ասում է տնօրենի պաշտոնակատար Նառա Սաժումյանը:

«58 տարվա դպրոց է, հիմնանորոգումներ չեն եղել, բայց կոսմետիկ աշխատանքներ, շտկումներ միշտ են եղել: Մեզ մոտ կոյուղու խցանումներ կային, և դրանից ելնելով, երեխաները չէին կարողանում օգտվել սանհանգույցներից: Մենք էլ չսպասեցինք, որոշեցինք պլանավորել ու անել»:

Աշնանային արձակուրդներին դպրոցի կոյուղագծերը փոխել են: Հին դպրոցում դժվար է ժամանակակից մեթոդներով դասավանդումը, կրթության ձևաչափերն աստիճանաբար փոխվում են, ուսուցման պահանջները՝ մեծանում:

« Բավարար պայմաններ այնքանով չկան, որ լեզվի ուսուցիչներն ուզում են դասարանները հարմարեցված լինեն, լինգաֆոնյան կաբինետներ ունենան անգլերենի ուսուցիչները: Տարրական մասնաշենքում ուսուցիչներն ուզում են ունենալ թվային գրագիտության և համակարգչային գիտութան կաբինետներ: Այդ առարկաներն իրենք արդեն ուսումնասիրում են 2-րդ դասարանից, և շատ տեղին է, որ մենք տարրական մասանշենքում նույնպես ունենանք այդպիսի կաբինետ՝ դասընթացներն իրականացնելու համար»:

Նոր նախագծով այդ ամենը նախատեսված է, բայց դրան դեռ 4 տարի պետք է սպասեն։ Ուստի իրենց ուժերով են փորձում հարմարություններ ստեղծել: Այս դպրոցում սովորում է 650 աշակերտ, որից 350-ը՝ կրտսեր տարիքի:

Այս տարի իրականանալու է նաև մարզի Արաքս գյուղի բնակիչների երազանքը: Նրանց երեխաները հիմա սեյսմավտանգ դպրոցում են սովորում։ Արաքսի դպրոցը կառուցվել է 1967 թվականին: Այն ժամանակի ընթացքում մասնակիորեն նորոգվել է՝ ասում է տնօրեն Սուրիկ Նավասարդյանը:
«Տանիքն են նորոգել, պատուհանները, բայց շենքն ունի 3-րդ կարգի սեյսմիկ եզրակացություն: Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել, որ դպրոցը ոչ թե վերանորոգելու են, այլ նոր դպրոց կառուցվի, հինը քանդվի»:

Տանիքը փոխվել է մոտ 15 տարի առաջ, բայց խոնավությունն այնքան մեծ է, որ կոսմետիկ վերանորոգումները չեն օգնում, անգամ քարաթափումներ են լինում:
«Մեզ մոտ գրունտային ջրերը բարձր են ու շենքի խոնավությունը շատ է, պատերը թուլանում են, որից էլ քարաթափումներ են առաջանում»:
Ձմռանը դպրոցը ջեռուցվում է էլեկտրական հոսանքով, քանի որ գյուղում գազ չկա: Արաքսի գազիֆիկացումը սկսվել էր դեռ անցած տարի: Դա ուրախացրել էր ոչ միայ գյուղացիներին, այլև դպրոցի տնօրենին:

«Համայնքը գազիֆիկացված չէ, սուբվենցիոն ծրագրով այս տարի գազի խողովակները հասել են գյուղ: Մենք դեռ էլեկտրական սալիկներով ենք տաքացնում դասարանները, ենթադրում եմ՝ մյուս ձմեռ արդեն գազ կունենանք»:
Շենքային վատ պայմանների պատճառով աշակերտների թիվը նվազել է: Դպրոցականների մի մասը հարևան գյուղերի կամ Էջմիածնի դպրոցներ է հաճախում: Նոր դպրոցը կառուցվելու է այս տարի՝հին դպրոցի հարակից տարածքում: