Հանրության գերակա շահ և սեփականության օտարում․ իրավական հիմքերը և կարգը

Սեփականության իրավունքը ՀՀ-ում սահմանադրորեն պաշտպանված իրավունք է։ Այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում օրենքը նախատեսում է սեփականության օտարման հնարավորություն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով։ Նման օտարումն իրականացվում է միայն օրենքով սահմանված խիստ պայմանների և ընթացակարգերի պահպանմամբ։

Այս հարաբերությունները կարգավորվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է հանրության գերակա շահ ճանաչելու, սեփականության օտարման, փոխհատուցման տրամադրման, ինչպես նաև սեփականատերերի իրավունքների պաշտպանության նյութական և ընթացակարգային հիմքերը։

Միաժամանակ հարկ է նշել, որ 2026 թվականի փետրվարի 11-ին ընդունված ՀՕ-28-Ն օրենքով նշված իրավական ակտում կատարվել են մի շարք էական փոփոխություններ և լրացումներ, որոնք վերանայել են առանձին դրույթների բովանդակությունը, հստակեցրել ընթացակարգերը և որոշ դեպքերում փոփոխել նախկին կարգավորումների ծավալն ու կիրառման շրջանակը։

Ուստի, իրավահարաբերությունների գնահատման և կիրառելի նորմերի մեկնաբանության ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել օրենքի գործող՝ փոփոխություններով ուժի մեջ մտած խմբագրությամբ։

Սահմանադրական հիմքեր

Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը թույլատրելի է միայն, եթե միաժամանակ պահպանվում են հետևյալ պայմանները՝

  • օտարումը կատարվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով,
  • սեփականատիրոջը տրամադրվում է նախնական և համարժեք փոխհատուցում։

Փոխհատուցումը պետք է վճարվի մինչև սեփականության իրավունքի փոխանցումը և համարժեք լինի օտարվող գույքի շուկայական արժեքին։

Ի՞նչ է համարվում հանրության գերակա շահ

Օրենքով սահմանված է, որ գերակա հանրային շահ կարող է հետապնդել, մասնավորապես, հետևյալ նպատակները՝

  • պետության պաշտպանության և անվտանգության ապահովում,
  • միջազգային պարտավորությունների կատարում,
  • պատմամշակութային արժեքների և հատուկ պահպանվող տարածքների ստեղծում կամ պահպանում,
  • շրջակա միջավայրի պաշտպանություն,
  • կրթության, առողջապահության, սպորտի, գիտության և մշակույթի զարգացում,
  • ենթակառուցվածքային (էներգետիկ, տրանսպորտային, ջրամատակարարման և այլ) համապետական կամ համայնքային կարևոր ծրագրերի իրականացում,
  • անձանց կյանքի, առողջության կամ սեփականության պաշտպանություն,
  • արտակարգ իրավիճակների կանխում կամ հետևանքների վերացում։

Միևնույն ժամանակ, պետական կամ տեղական բյուջեի լրացուցիչ եկամուտների ապահովումը ինքնին չի կարող համարվել հանրության գերակա շահ։

  • Եթե կառավարության որոշմամբ ճանաչված նպատակը չի սկսվում իրականացվել յոթ տարվա ընթացքում, ապա այն չի կարող համարվել գերակա շահ։

Ի՞նչ գույք է ենթակա օտարման

Եթե օտարվում է հողամաս, ապա դրա հետ միասին օտարվում են նաև հողամասի վրա գտնվող շենքերը, շինությունները և այլ բարելավումները։ Եթե օտարվում է շենք կամ շինություն, ապա օտարման են ենթակա նաև դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը։

Մասնակի օտարման դեպքում սեփականատերը կարող է պահանջել նաև մնացած մասի օտարում, եթե՝

  • մնացած մասը կորցրել է իր տնտեսական նշանակությունը,
  • մնացած մասը աննշան է (երբ օտարվում է ամբողջ գույքի առնվազն 75%-ը),
  • օտարման հետևանքով մնացած մասի շուկայական արժեքը նվազել է առնվազն 25%-ով։

Այս պահանջը պետք է ներկայացվի կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։

 Կառավարության որոշումը

Սեփականության օտարումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համապատասխան որոշմամբ տվյալ նպատակը ճանաչել է հանրության գերակա շահ։

Որոշումը կարող է ընդունվել միայն այն դեպքում, եթե՝

  • նպատակը համապատասխանում է օրենքով սահմանված հանրային շահի հիմքերին,
  • հանրային շահը գերակայում է սեփականատիրոջ շահին,
  • նպատակը չի կարող իրագործվել առանց տվյալ գույքի օտարման,
  • օտարումը չի պատճառում չհիմնավորված վնաս,
  • գույքը կօգտագործվի բացառապես ճանաչված նպատակով,
  • ձեռքբերողը պետությունն է, համայնքը կամ օրենքով թույլատրելի այլ սուբյեկտ։
  • Որոշման նախագիծը ենթակա է հանրային քննարկման։ Որոշումը պարտադիր հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում և պատշաճ կերպով ուղարկվում է սեփականատիրոջը։

Ընթացակարգային երաշխիքներ

  • Օտարվող գույքի վերաբերյալ տվյալները գրանցվում են իրավական կադաստրում։
  • Սեփականատերը տեղեկացվում է որոշման մասին։
  • Կազմվում է գույքի նկարագրության արձանագրություն՝ սահմանված կարգով և տեխնիկական միջոցների կիրառմամբ։
  • Սեփականատերը կամ գույքային իրավունք ունեցող անձինք կարող են արձանագրությունը բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։
  • Եթե որոշումը ճանաչվում է ուժը կորցրած կամ անվավեր, համապատասխան գրառումները վերացվում են։

Կարևոր իրավական շեշտադրումներ

  • Օտարումը կարող է իրականացվել միայն համաչափության և անհրաժեշտության սկզբունքների պահպանմամբ։
  • Հանրության գերակա շահը պետք է լինի փաստարկված և հիմնավորված։
  • Սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը մնում է առաջնային, ներառյալ՝ դատարան դիմելու իրավունքը։

Օրենքի գործող կարգավորումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net -ը։

Leave a Comment