Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման հավելվածում՝
- 3-րդ կետի 6-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 3-րդ կետը լրացնել նոր՝ 7–9-րդ ենթակետերով, որոնցով սահմանվում է, որ՝
- բանկը, համապատասխան հնարավորությունների առկայության դեպքում, կարող է սուրհանդակային ծառայություններ մատուցելու լիազորություն ունեցող կազմակերպության կամ իր աշխատակիցների միջոցով իրականացնել շահառուի՝ բանկի հաճախորդի իրավունքներ ձեռք բերելու և քարտի առաքման համար անհրաժեշտ գործողությունները, եթե շահառուն՝
ա. 85 տարին լրացած է կամ
բ. անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (1-ին խմբի հաշմանդամություն) կամ
գ. 75–85 տարեկան՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) կամ
դ. անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձ է։
- Եթե օրինական ներկայացուցիչ չունեցող շահառուն օբյեկտիվ պատճառներով չի կարող ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը, ապա փաստաթուղթը կարող է առաքվել ծառայության և բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ, ու կազմված արձանագրությունը համարվում է ստորագրված շահառուի կողմից։
- Բանկային հաշվի պայմանագիրը շահառուի անունից կարող է կնքվել կամ բանկին ներկայացվել դուրս գրելու կարգադրություն նաև 3-րդ կետի 6-րդ ենթակետում նշված անձի կողմից։
- Նախագծով սահմանվում է նաև՝
- N 2 և N 8 ձևերով ներկայացվող տվյալներում ներառվելու են սուրհանդակային ծառայություններից օգտված շահառուների տվյալները, վճարված գումարները և ծառայության մատուցման այլ ցուցանիշներ։
- Լիազոր մարմնի և բանկի միջև կնքված պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարվում են լրացուցիչ համաձայնագրերի միջոցով՝ որպես պայմանագրի անբաժանելի մաս։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակների և պետական նպաստների վճարման գործընթացում տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց աջակցության մեխանիզմների հստակեցմամբ՝ ապահովելու համար, որ նրանք կարողանան անկանխիկ եղանակով ստանալ իրենց նպաստները՝ սուրհանդակային ծառայությունների միջոցով։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Գործող կարգավորումները թույլ չեն տալիս լիարժեք աջակցել այն անձանց, որոնք իրենց ֆիզիկական վիճակի պատճառով չեն կարող ներկայանալ բանկ՝ պայմանագրային ստորագրման կամ քարտի ստացման համար։ Փոփոխությունների ընդունման դեպքում նշված անձանց համար ստեղծվելու են հավասար, հասանելի և անվտանգ պայմաններ բանկային ծառայություններից օգտվելու համար։
Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը
Նախագիծը մշակվել է ՀՀ ԱՍՀ նախարարության կողմից։
Ակնկալվող ազդեցությունը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի՝
- կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացի սահուն անցումը անկանխիկ եղանակին,
- տեղաշարժման սահմանափակում ունեցող անձանց իրավունքների և սոցիալական աջակցի հասանելիության բարձրացում,
- բանկերի և լիազոր մարմնի համագործակցության հստակեցում՝ սուրհանդակային ծառայությունների շրջանակում։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝
- Բանկը կարող է սուրհանդակային ծառայությունների միջոցով իրականացնել քարտի և հաշվի սպասարկման բոլոր գործողությունները տեղաշարժման սահմանափակում ունեցող շահառուների համար։
- Փաստաթուղթը, որը կազմվում է ծառայության և բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ, համարվում է ստորագրված շահառուի կողմից։
- Սուրհանդակային ծառայության համար վճարած գումարը բանկին ամբողջությամբ փոխհատուցվում է լիազոր մարմնի կողմից։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն բխում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրի 4.6-րդ բաժնից՝ կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման և վճարումների գործընթացի արդիականացման նպատակով։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net -ը։