Այսօր բուժաշխատողները նամակներ են փոխանցել ԱԺ նախագահին ու խմբակցություններին՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար:
Շուրջ 30 տոկոս ցածր և ուշացումով ստացած աշխատավարձ, բուժծառայությունների սակագների նվազում, ծանրաբեռնվածության աճ և այլ խնդիրներ են բարձրաձայնում բուժաշխատողները: Նամակների հանձնման նպատակը մեկն է՝ լսելի դարձնել խնդիրները և փորձել համատեղ գտնել լուծումներ։
«Ամենամեծ բացը հախուռն մտնելն էր համակարգ, որովհետև առողջության ապահովագրությունը մեկնարկեց առանց պատշաճ իրազեկման՝ թե՛ բուժաշխատողներին իրենց անելիքների մասին, թե՛ քաղաքացիներին՝ իրենց իրավունքների», – ասաց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը:
Իսկ բժիշկ Գևորգ Գրիգորյանը նշեց, որ բուժաշխատողներն ուզում են, որ գործի՛ ապահովագրության համակարգը, սակայն գործի արդյունավետ և չոտնահարվեն բուժաշխատողների շահերը։
«Մարդիկ գնում են, մտնում են բժշկի մոտ, ասում են՝ ձրի է, գրի՝ գնամ ՄՌՏ անցնեմ, գրի՝ գնամ ԿՏ անցնեմ: Չի՛ կարելի այդպես. ո՛չ բնակչությունն է պատրաստ, որ այդ ամենը ցուցումով պետք է լինի, ո՛չ բուժաշխատողներն են պատրաստ, որ պետք է հա՛մ պացիենտ բուժեն, հա՛մ պաշտպանվեն պացիենտներից», – ասաց Գևորգ Գրիգորյանը: