Միջազգային հեղինակավոր S&P Global վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ «կայունից» այն դարձնելով «դրական» և հաստատել է երկրի վարկանիշը «BB-» մակարդակում, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Գործակալության գնահատմամբ՝ հեռանկարի վերանայումն արտացոլում է տարածաշրջանային անվտանգային իրավիճակի բարելավման ներուժը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական և առևտրային հարաբերությունների կարգավորման առաջընթացը: S&P-ի վերլուծաբանները նշում են, որ Հայաստանի տնտեսական աճի հեռանկարները գնահատվում են որպես բարենպաստ, իսկ Կենտրոնական բանկի միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը և ճկուն փոխարժեքը կօգնեն մեղմացնել հնարավոր արտաքին ցնցումները։
S&P Global Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5.3 տոկոս, իսկ 2027 թվականին՝ 4.8 տոկոս: Գործակալությունը նշում է, որ 2022-2025 թվականներին Հայաստանի տնտեսության միջին աճը կազմել է 7.8 տոկոս, ինչը S&P-ի կողմից վարկանիշավորված 143 երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
«Դրական» հեռանկարի սահմանումը նշանակում է, որ հաջորդ վերանայումների ժամանակ առկա է վարկանիշի փաստացի բարձրացման մեծ հավանականություն: Գործակալությունը կանխատեսում է, որ 2026-2029 թվականներին ՀՀ բյուջեի դեֆիցիտը միջինում կկազմի ՀՆԱ-ի մոտ 3.3 տոկոսը:
S&P Global Ratings-ը (նախկինում՝ Standard & Poor’s) աշխարհի երեք խոշորագույն վարկանիշային գործակալություններից մեկն է՝ Moody’s-ի և Fitch-ի հետ միասին: Գործակալությունը զբաղվում է ֆինանսական հետազոտություններով և վարկանիշների շնորհմամբ՝ գնահատելով վարկառուների՝ պարտավորությունները ժամանակին կատարելու ունակությունը:
