«Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի բուժակը ուղեգրերը կնքելու համար գումար է վերցրել վարորդներից․ Դատարանը մերժել է նրա հայցը իրեն պաշտոնում հաստիքումհամար

2025 թվականի մարտի 14-ին Երևանի քաղաքացիական դատարանում գործ է ստացվել Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի կողմից 07.10.2024 թվականի համապատասխան հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Նույն օրը գործը մակագրվել ՝ դատավոր Հասմիկ Ջալալյանին։

Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Նույն օրը գործը մակագրվել և հանձնվել է դատավոր Հասմիկ Ջալալյանին։

Ներկայացվող հայցապահանջը: Երևանի ավտոբուս ՓԲԸ կողմից 07.10.2024 թվականի N հրամանն անվավեր ճանաչելու, Ն.Ի․-ին վերականգնելու Երևան ավտոբուս ՓԲԸ-ան անվտանգ երթևեկության ծառայության բուժակի հաստիքում, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին։

Հայցադիմումի վերադարձման վերաբերյալ որոշումը։ Դատարանը ուսումնասիրել է հայցադիմումը և պարզել, որ այն հստակ չէ։ Հայցադիմումը չի նշում, թե գործը պետք է քննվի ընդհանուր հայցային կարգով թե հատուկ վարույթով, և չի պարունակում բավարար փաստական ու իրավական հիմքեր՝ պահանջը դատարանում քննելու համար։ Դատարանը ընդգծել է, որ հայցը պետք է հստակ լինի և ունենա բավարար նյութաիրավական ու դատավարական պահանջ, որպեսզի գործընթացը հնարավոր լինի արդյունավետ իրականացնել։ Եռօրյա ժամկետում հայցադիմումի թերությունները վերացվելու և այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը առաջին ատյանի դատարան ներկայացված համարել այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: Հայցադիմումը վերադարձվել է մարտի 21-ին։

Վերաքննիչ բողոքը

Վերոնշյալ որոշման դեմ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Գործը ապրիլի 14-ին մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին։ Վերջինի որոշման համաձայն մարտի 18-ին ընդունվել է վարույթ։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2025 թվականի որոշմամբ, վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի քաղաքացիական գործով, Դատարանի՝ հայցադիմումը վերադարձնելու մասին 21.03.2025 թվականի որոշումը վերացվել է:

26.06.2025-ին գործն ուղարկվել է  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Ընստ էության չլուծվող դատական ակտը վերացվելուց հետո , 23.07.2025 թվականին մակագրվել է դատավոր Ա․ Սաֆարյանին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Գործը կրկին վարույթ ընդունելը

Դատարանը հուլիսի 31-ին որոշում է կայացրել գործը վարույթ ընդունելու և դատաքննություն նշանակելու մասին։ 2025 թվականի հոկտեմբերի 13-ին նշանակվել է  դատաքննություն։ Նոյեմբերի 19-ին կատարվել է վերաբաշխում և գործը մակագրվել է դատավոր Մալվինա Հարությունյանին։

Վերջինս գործը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել 2025 թվականի նոյեմբերի 26-ին։ Գործով առաջին նախնական դատական նիստը կայացել է հայցը ներկայացնելուց ավելի քան մեկ տարի անց՝ 2026 թվականի հունվարի 29-ին։

 Գործի նախապատմությունը

«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության և Ն․ Ի․-ի միջև 2023 թվականի նոյեմբերի 24-ին կնքվել է աշխատանքային պայմանագիր, որտեղ հստակ սահմանված են բուժակի պարտականությունները, այն է՝ Ընկերության աշխատակիցներին առաջին բուժօգնության ցուցաբերում, Ընկերության վարորդների՝ ֆիզիկական վիճակի զննում՝ երթուղի դուրս գալուց առաջ, անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր աշխատակցի ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն, Հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել յուրաքանչյուր աշխատակցի նկատմամբ, կատարելագործել իր մասնագիտական գիտելիքները, հետևել սանիտարահիգիենիկ կանոններին, տրամադրել դեղամիջոցներ, ապահովել դեղամիջոցների պատշաճ պահպանումը, ավտոբուսների՝ վարորդների՝ մինչև երթուղի դուրս գալը նախնական բժշկական զննումը, անհրաժեշտության դեպքում դեղորայքային օգնություն ցուցաբերելը, բժշկական զննում անցնելու վերաբերյալ ավտոբուսի վարորդի ուղեգրում նշում կատարելը, դեղամիջոցների հաշվառելը և պահպանելը։
Այսինքն, Պայմանագրով սահմանված է, որ Հայցվորը մի շարք այլ պարտականություններ ուներ նաև երթուղի դուրս գալուց առաջ ընկերության վարորդների ֆիզիկական վիճակի զննման, մինչև երթուղի դուրս գալը ավտոբուսների՝ վարորդների բժշկական զննման և բժշկական զննում անցնելու վերաբերյալ ավտոբուսի վարորդի ուղեգրում նշում կատարելու վերաբերյալ պարտականություն, որն էլ վերջինս բարեխիղճ կատարել է։ Ն․ Ի․-ին աշխատանքից ազատելու հրամանի իրավական հիմք է նշվել, Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, և Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը։
(…) Այսպես, սույն փաստերից պարզ է դարձել այն հանգամանքը, որ Ն․ Ի․-ն  իր իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի կողմից իրականացված վարչական լսման ժամանակ Հայցվորը հայտնել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 01-ին  իրականացված՝ հերթափոխի ժամանակ ավտոբուսի վարորդներից մեկին չսափրված լինելու համար դիտողություն է արել, իսկ վերջինս գրանցամատյանի տակ է դրել երկու հարյուր դրամանոց մետաղադրամ։ Իր առարկելուց հետո վարորդը մետաղադրամը հետ չի վերցրել։ Հայցվորը նաև հայտնել է, որ չի կատարել այնպիսի արարք, որը կարող էր հանգեցնել աշխատանքից ազատմանը, երբևէ վարորդներից գումար չի պահանջել և խնդրել է վերանայել իր ազատման հրամանը։
Ստացվում է մի իրավիճակ, երբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները, որոնք նշված են Պայմանագրում, բարեխիղճ կատարելու պայմաններում էլ կարող է ազատվել աշխատանքից։ Տեսչական մարմնի կողմից թիվ 0476 կարգադրությամբ ևս փաստվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը Ն․ Ի․-ի նկատմամբ Հրամանն արձակել է մի շարք օրենսդրական նորմերի էական խախտումներով։ Բացի այդ, Ընկերության կողմից չի հիմնավորվել թե որ արարքի կատարման արդյունքում է գործատուն կորցրել իր աշխատողի նկատմամբ վստահությունը, որն էլ առաջացրել է կամ կարող էր առաջացնել ծանր հետևանքներ՝ վտանգելով անձանց կյանքն ու առողջությունը կամ իրական սպառնալիք ստեղծելով անձանց կյանքի և առողջության համար կամ նրանց կյանքին ու առողջությանը պատճառելով վնաս: (…)»։
Վերոգրյալի հիման վրա Հայցվորը խնդրել է «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից 07.10.2024 թվականի  հրամանն անվավեր ճանաչել, իրեն  վերականգնել «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության անվտանգ երթևեկության ծառայության բուժակի հաստիքում։
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունից հօգուտ հայցվորի բռնագանձել՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձը։։

Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության բովանդակությունը
Պատասխանողի ներկայացուցիչը, Դատարան ներկայացրած հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությամբ, ի թիվս այլնի, հայտնել է. «(…) 1. 24.11.2023թ. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և հայցվորի  միջև կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն`Ն․ Ի․-ն հանդիսանում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության բուժակ: Պայմանագրի 7-րդ կետի համաձայն՝ բուժակի գործառույթներն են՝ ա) ավտոբուսի վարորդների՝ մինչև երթուղի դուրս գալը նախնական զննումը (…) դ) բժշկական զննում անցնելու վերաբերյալ ավտոբուսի վարորդի ուղեգրում նշում կատարելը (…): Պաշտոնի անձնագրի 12-րդ կետի համաձայն՝ Իր գործունեության ընթացքում Բուժակը ղեկավարվում է Կազմակերպության կանոնադրությամբ, ղեկավարի կարգադրություններով, սույն պաշտոնական հրահանգով: Նշված բուժակի պաշտոնի անձնագրին ծանոթացել է Ն․ Ի․-ն և ստորագրել է այն:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի 27.12.2023թ. հրամանով հաստատված աշխատանքի անվտանգության հրահանգի 1.2 կետի համաձայն՝ իր աշխատանքի ընթացքում բուժակը պետք է իմանա և կատարի իր պարտականությունները, հետևի աշխատանքի տեխնիկական, հրդեհային անվտանգության կանոններին:

01.10.2024թ.-ին «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության գծային հսկիչ Մանուկ Ղալբոյանի կողմից «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանին ներկայացվել է «Զեկուցագիր» վերտառությամբ փաստաթուղթը, որով աշխատակիցը հայտնել է, որ 01.10.2024թ.-ին առավոտյան ժամը 06:00-ին ․․․ գնացել են «Չարբախ» հավաքակայան՝ ստուգելու վարորդներին, նրանց արտաքին տեսքը, նրանց երթուղի դուրս գալու կարգը, շարժակազմի քանակը և ավտոբուսների մաքրությունը: Ընթացքում վերջինիս տեղեկացրել են, որ բուժակը ուղեգրերը կնքելու համար գումար է վերցնում վարորդներից: Կատարվածը պարզաբանելու համար գնացել են բուժակի սենյակ, ներկայացել ի պաշտոնե և հարցրել են, թե ինչու է բուժակը գումար վերցնում, արդյոք իր աշխատավարձը իրեն չի բավականացնում: Բուժակը ներողություն է խնդրել կատարվածի համար և խոստացել է այլևս նման բան չանել: Բուժակին առաջարկել է գործը ավարտելուց հետո ներկայանալ տնօրինությանը, որից հետո իրենք վերադարձել են իրենց աշխատանքային պարտականություններին:

Միաժամանակ, միջադեպի վերաբերյալ իր կողմից բուժակ Ն․ Ի․-ց վերցվել է բացատրություն, որում նա նշում է, որ վարորդներից մեկը չսափրված լինելու համար դիտողություն ստանալուց հետո, գրանցամատյանի տակ է հրում 200 դրամանոց, որի դիմաց իր առարկությունից հետո վարորդը հրաժարվում է հետ վերցնել 200 դրամանոցը:

Վերոգրյալի հիման վրա Պատասխանողը խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով մերժել հայցադիմումը։

Հայցվորը առարկել է ներկայացված միջնորդության դեմ։

Դատական ակտը
Դատարանը հիմք ընդունելով վերոգրյալ իրավական և փաստական հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ, 191-192-րդ, 198-րդ և 362-րդ հոդվածներով, հունվարի 29-ին որոշել է՝
1. Պատասխանող «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմության կիրառելու մասին, բավարարել:
2. Ն․ Ի․-ի հայցն ընդդեմ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության՝ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության 07․10․2024թ․ թիվ 2375-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, մերժել՝ կիրառելով հայցային վաղեմություն:
3. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
4. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

Leave a Comment