Հոդված 9․ Ամուսնություն կնքելու կարգը
1. Ամուսնությունը գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում կատարող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են ամուսնության պետական գրանցման պահից։
Հոդված 10․ Ամուսնության կնքման պայմանները
1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը։
2. Արգելվում է ամուսնության կնքումը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում:
Հոդված 11․ Ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները
Արգելվում է ամուսնություն կնքել՝
ա) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ.
բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև.
գ) որդեգրողների և որդեգրվածների միջև.
դ) այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:
Հոդված 12․ Ամուսանցող անձանց բժշկական
1. Ամուսնացող անձանց բժշկական հետազոտությունը, ինչպես նաև բժշկագենետիկական և ընտանիքի պլանավորման հարցերով խորհրդատվությունն անցկացնում են առողջապահական կազմակերպությունները՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ամուսնացող անձանց ցանկությամբ։
2. Ամուսնացող անձի հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք: Այդ արդյունքները հետազոտություն անցած անձի համաձայնությամբ կարող են հաղորդվել այն անձին, որի հետ նա մտադիր է ամուսնանալ:
3. Եթե ամուսնացած անձը մյուս ամուսնուց թաքցրել է ամուսնության պետական գրանցման պահին իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը, ապա մյուս ամուսինն իրավունք ունի ամուսնությունն անվավեր ճանաչելու համար դիմելու դատարան։