Փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները:
Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի Նաիրյան փողոցից ու մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և կասկածյալներից 2-ին հայտնաբերել։
Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, որն եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։