Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու փոփոխված մաքսային իրավիճակը։
«Սա հետաքրքիր որոշում է, որը շատերը սպասում էին. Վաշինգտոնի Գերագույն դատարանը ցույց է տվել վարչակազմին իր լիազորությունների սահմանները մաքսային քաղաքականության հարցերում», – ասել է Մերցը Շտուտգարտում Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարից հետո ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա պարզաբանել է, որ վճիռը վերաբերում է ընդհանուր մաքսային դրույքաչափին, այլ ոչ թե ոլորտային սակագներին։
Կանցլերի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ բանակցություններին կնախորդեն ԵՄ խորհրդակցություններ՝ «եվրոպական հստակ դիրքորոշում» մշակելու նպատակով։ «Մաքսային քաղաքականությունը Եվրամիության պատասխանատվությունն է, այլ ոչ թե առանձին անդամ պետությունների։ Ես կմեկնեմ Վաշինգտոն համակարգված եվրոպական դիրքորոշմամբ», – շարունակել է Մերցը։
«Առաջին հերթին, սա (սակագները – խմբ.) վնասում է այն երկրին, որը դրանք սահմանում է», – հայտարարել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Գերմանիան նույնպես զգում է լարվածությունը, քանի որ մատակարարում է ավելի քիչ ապրանքներ։ «Բայց, վերջին հաշվով, հենց ԱՄՆ-ում սպառողներն են, որոնք ավելի շատ են վճարում», – բացատրել է Մերցը՝ ամերիկյան դատարանի վճիռը դրական նորություն անվանելով։ «ԱՄՆ-ում իշխանությունների տարանջատումը, կարծես, դեռևս գործում է, և դա լավ նորություն է», – եզրափակել է Մերցը։
Bild թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլերը մարտի սկզբին կայցելի ԱՄՆ, որտեղ, ինչպես սպասվում է, կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Սպիտակ տանը հանդիպումը նախատեսված է մարտի 3-ին։