ՀՀ–ում օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ

Ներկայումս գործում է օտարերկրյա ներդրումների մասին օրենքը, որը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում:  Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։

Գործադիրը հավանություն է տվել «Ներդրումների մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է բարելավել ներդրումային միջավայրը: Ըստ հիմնավորման՝ տնտեսական և իրավական հարաբերությունների զարգացման ներկա փուլում անհրաժեշտ է ներդրումային հարաբերությունների համար արդիական, ամբողջական և համապարփակ կարգավորում, որն ի զորու կլինի ապահովելու ներդրողների իրավական պաշտպանվածությունը, խթանելու նոր ներդրումների ներգրավումը և ամրապնդելու պետական քաղաքականության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։

Օրենքի նախագիծը՝ սահմանում է ներդրումների և ներդրողների պաշտպանության երաշխիքները՝ ժամանակակից միջազգայնորեն ընդունված ստանդարտների հաշվառմամբ։ Օրինագծով սահմանում է ներդրումային խթանների (արտոնությունների) տեսակները, դրանց նպատակը, բնույթը կիրառման իրավական հիմքերն ու մեխանիզմները։ Բացի այդ, առաջարկվում է ներդնել ներդրումային խթանների տրամադրման ճկուն մեխանիզմ, այն է` ներդրումային պայմանագրերի միջոցով խթանների տրամադրումը: Մասնավորապես, առաջարկվում է նախատեսել հնարավորություն ներդրումային խթանները տրամադրել ոչ միայն օրենքների կամ ՀՀ կառավարության որոշումների հիման վրա, այլ նաև՝ ներդրումային պայմանագրերի միջոցով։ Նման մոտեցումը կստեղծի առավել ճկուն և հասցեական մեխանիզմ՝ ներդրողներին խթաններ տրամադրելու համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ ներդրումային նախաձեռնության առանձնահատկությունները։ Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ ներդրումային պայմանագրի հիմնական պայմանները, չափորոշիչները և գերակա ներդրումային ուղղությունները կսահմանվեն Կառավարության որոշմամբ։

Leave a Comment