NYT. ԱՄՆ-ը տասնյակ ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Հորդանանում

ԱՄՆ-ն ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազայում, հաղորդել է The New York Times (NYT)-ը՝ հիմնվելով արբանյակային պատկերների և թռիչքի տվյալների վրա։

Սա կազմում է այնտեղ սովորաբար տեղակայված ինքնաթիռների թվի մոտավորապես երեք անգամը։ Թերթը նշել է, որ ինքնաթիռները կարող են նաև պահվել անգարներում։ Թերթի տվյալներով՝ կիրակի օրվանից ի վեր բազայում վայրէջք է կատարել առնվազն 68 տրանսպորտային ինքնաթիռ։

Բազայում նկատված սարքավորումների թվում են հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ։ The New York Times-ի տվյալներով՝ ռազմական այս կուտակումը կարող է ցույց տալ, որ Միացյալ Նահանգները Մուվաֆակ Սալթի ավիաբազան համարում է «Իրանի դեմ հնարավոր հարվածների պլանավորման հիմնական կենտրոն»։

Ավելի վաղ Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադին հայտարարել էր, որ իր երկիրը չի դառնա Իրանի դեմ ռազմական գործողությունների հարթակ։

Leave a Comment