Դաշտի որակն արդարացում չէ «Նոայից» կրած պարտության համար․ Սմիթ

Հոլանդական «ԱԶ Ալկմարի» 20-ամյա կիսապաշտպան Կես Սմիթը վնասվածքից հետո իր վերադարձը նշել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի՝ «Նոայի» դեմ խաղում: Հանդիպման վերջին վայրկյաններին նա կարող էր փրկել իր թիմին պարտությունից, սակայն մեր թիմի դարպասապահը փրկել է իրավիճակը:

Խոսելով խաղի որակի և պարտության մասին՝ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած կիսապաշտպանն ընդգծել է իրենց թիմի բացթողումները.

«Մենք չափազանց դանդաղ տեմպով էինք խաղում և քիչ կրեատիվություն ցուցաբերեցինք: Ամեն ինչ շատ դանդաղ էր ստացվում: Պետք է անկեղծ լինեմ՝ խոտածածկը բարդ էր, բայց դա իրականում արդարացում չէ: Ակնհայտ է, որ այս պահին մեր խաղն այնքան էլ չի ստացվում, խաղում ենք մեծ դժվարությամբ։ Այսօր մենք բավարար լավը չէինք, բայց վստահ եմ, որ ամեն ինչ կշտկվի:

Մենք աշխատում ենք և շատ ենք խոսում այդ մասին, բայց առայժմ գործերը լավ չեն գնում: Ցավալի է, որ այդքան հաճախակի ենք անփութորեն կորցնում գնդակը և ստիպված նահանջում: Դա ֆուտբոլի ամենատհաճ մասն է և շատ հիասթափեցնող է»․-ասել է Կես Սմիթը:

Leave a Comment