21 փետրվարի 2026 – 11:14 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը կարող է Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ նախագծերի մաս դառնալ, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Կարո՞ղ է արդյոք Հայաստանը լինել այս գործընթացի մասը։ Իհարկե, կարող է։ Մենք աջակցում ենք կարգավորմանը, իսկ կարգավորում ասելով հասկանում ենք նաև տնտեսական հարաբերությունների կարգավորում։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը նաև էներգետիկ ոլորտում։ Այստեղ կարող են լինել լավ հնարավորություններ»,-ասել է նա, հայտնում է 1news.az-ը:
Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանային փոխգործակցությունը կզարգանա այնպես, որ օգտակար լինի բոլոր կողմերի համար։
Նախարարը նաև մեկնաբանել է նոր համաձայնագրի հեռանկարները, որով նախատեսվում է Ադրբեջանից 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարում։
«Ադրբեջանը շարունակում է մնալ Թուրքիայի հիմնական էներգետիկ գործընկերներից մեկը, իսկ ստորագրված համաձայնագիրը կապահովի գազի մատակարարումներ առաջիկա 15 տարիների ընթացքում և 2030 թվականից հետո», – նշել է նա։
Բայրաքթարը շեշտել է, որ երկկողմ համագործակցությունը չի սահմանափակվում միայն գազային ոլորտով։ Նա հիշեցրել է «կանաչ միջանցք» նախագծի մասին, որին մասնակցում են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան։ Նախաձեռնությունը նախատեսում է Թուրքիա և եվրոպական երկրներ վերականգնվող աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի արտահանում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքից։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ ճիշտ կլինի, որ մեր էներգետիկ համակարգը միացած լինի նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։ Դա մեծացնելու է արտահանման մեր հնարավորությունները, ինչպես նաև մեծացնելու է տարածաշրջանի հնարավորությունները: