Ամեն ջանք գործադրելու ենք Արցախ վերադառնալու համար․ ԱՀ ԱԺ – Armenia Today

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար, ասվում է Վերածննդի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների տարածած հայտարարության մեջ։

Խմբակցությունները հիշեցրել են, որ 38 տարի առաջ Ստեփանակերտում հրավիրվել է ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան, որի որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկակական ԽՍՀ կազմում ընդգրկելու վերաբերյալ ճակատագրական էին հայ ժողովրդի հետագա չորս տասնամյակների ընթացքի համար։

Նշվում է, որ դրան հաջորդած երեք տասնամյակների ընթացքում արցախցիները քայլել են դեպի նախնիների դարավոր երազանքը՝ մայր հայրենիքի և պետության հետ լիարժեք միասնությանը։

«Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդիր «քաղաքականության», Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանադրությունների և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարումների արդյունքում ոչ միայն կորցրեցինք ծանր զրկանքների ու անասելի մաքառումների գնով ձեռք բերվածը, մեր հայրենի օջախները, այլև արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության՝ ամբողջությամբ արտագաղթելով Արցախից»,- ասվում է հայտարարության մեջ։

Խմբակցությունները շեշտել են, որ անսասան են պահելու Արցախի ժողովրդի միասնությունը, պահպանելու են մեր հազարամյակների ժառանգությունը, ապավինելու են ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու վերաբերյալ։

Leave a Comment