ՈւԵՖԱ-ի արձագանքը՝ «Նոայի» կարևոր հաղթանակին

«Նոան» հաղթանակով է մեկնարկել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2025/26թթ․ խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում։ «Հանրապետական» մարզադաշտում նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» հետ կայացած լարված դիմակայության ճակատագիրը վճռվել է երկրորդ խաղակեսում: 53-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը հուժկու գեղեցիկ հարվածով խփել է հանդիպման միակ ու հաղթական գոլը:

Հայ ֆուտբոլիստի գոլն ու «Նոայի» հաջողությունը դուրս չեն մնացել նաև Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ուշադրությունից։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ գրառմամբ է անդրադարձել հանդիպմանը՝ հիացմունք արտահայտելով խփված գնդակի վերաբերյալ.

«Համբարձումյանի շքեղ գոլը հաղթանակ է պարգևում «Նոային» առաջին խաղում»,- նշված է ՈւԵՖԱ-ի հրապարակման մեջ:

Այս հաղթանակից հետո հայկական ակումբը լուրջ հայտ է ներկայացնում հաջորդ փուլ դուրս գալու համար։ Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը կկայանա Նիդերլանդներում՝ Ալկմար քաղաքում, փետրվարի 26-ին։

Leave a Comment