Միջազգային համագործակցություն. Հայաստանի և Լեհաստանի միջև կստորագրվի ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր

Գործադիրի հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարությունից։

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Լեհաստանի Հանրապետության հետ փոխվստահության վրա խարսխված բարձր մակարդակի հարաբերությունների հետագա ընդլայնումը և խորացումը, ինչը ապագայում հնարավորություն կտա ռազմական համագործակցության ոլորտում արձանագրել շոշափելի արդյունքներ և ներառել հեռանկարային նոր ուղղություններ: Համաձայնագրի ստորագրումը կհամալրի փոխգործակցության օրակարգը՝ հիմքեր ստեղծելով պաշտպանական երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին: Համաձայնագրի նպատակն է հաստատել ռազմատեխնիկական բնագավառում կողմերի միջև համագործակցության հիմնական սկզբունքները և ընթացակարգերը, համաձայն որի կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: Համաձայնագրում ամրագրված է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտները և ձևերը, գաղտնի տեղեկատվության պաշտպանության, երրորդ երկրներին վաճառի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրույթներ:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով նախատեսված դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարությանը և սարքավորումների ձեռքբերմանը, իսկ վարկային միջոցները՝ Երևանի ԱՏԳ կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացմանը, ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների մատուցմանը: Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոն (այսուհետ` ԱՏԳ) և ՀՀ ՊԵԿ վարչական շենք (վարչական շենքի կառուցման ծախսերն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին): Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնը տեղակայվելու է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում։ Կենտրոնի ստեղծումը հնարավորություն կընձեռի ապահովել բավարար մաքսային ենթակառուցվածք՝ շենքային պայմանների, տեխնիկական հագեցվածության և տեղեկատվական համակարգերի հասանելիության տեսանկյունից։ Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ԱՏԳ մասնակիցներին մատուցել բարձրակարգ ծառայություններ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով, ինչպես նաև ապահովել մաքսային հսկողության արդյունավետ իրականացումը։

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար։ Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում՝ միաժամանակ անդրադառնալով ազգային և տեղական մակարդակներում առկա խնդիրներին: Մասնավորապես, Սյունիքի մարզում՝ տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչն ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը: Նախատեսվում է Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում փուլային եղանակով` ինքնահոս համակարգեր, պոմպակայաններ, ջրի կրկնակի օգտագործման համակարգեր:

Leave a Comment