Սպերցյանն ի զորու է խաղալ «Ռեալում» կամ «Բարսելոնայում». Լուկաս Օլասա

Ռուսական «Կրասնոդարի» պաշտպան Լուկաս Օլասան բարձր է գնահատել իր թիմակից Էդուարդ Սպերցյանի խաղային որակներն ու մասնագիտական հեռանկարները։

«Անկեղծ ասած՝ կցանկանայի, որ քանի դեռ ես այստեղ եմ, նա մնար մեզ հետ, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնեն ակումբն ու անձամբ ֆուտբոլիստը։ Իսպանիայի առաջնությունում, որտեղ ես նախկինում հանդես եմ եկել, նա իրեն հիանալի կդրսևորեր և կկարողանար խաղալ բացարձակապես ցանկացած թիմում»,- Օլասայի խոսքերը մեջբերում է «Советский спорт» պարբերականը։

Ուրուգվայցի ֆուտբոլիստն ընդգծել է, որ Սպերցյանի տաղանդը լիովին բավարար է անգամ Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» մակարդակին համապատասխանելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Լիդսը»։

Leave a Comment