Ալոիս Շվարց.«Հայ եկեղեցին աշխարհին առանձնահատուկ վկայություն է տալիս՝ հավատի վկայությունը»

Ավստրիայի, Գերմանիայի կաթոլիկական կայքերը ուշադրությամբ հետեւում են ՀՀ կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու լարվածություն կուտակող առճակատմանը, անդրադառնում նորություններին: Փետրվարի 18-ին kathpress-ի հրապարակած ընդարձակ անդրադարձը վերաբերում է Սանկտ Փյոլթենում գումարված հայ եպիսկոպասաց հավաքին: Հայկական մամուլում տեղեկություն եղավ, որ «Հայ եկեղեցու բարենորոգման» կողմնակիցները ստորագրահավաքով դիմել են Սուրբ Փյոլթենի եպիսկոպոսին՝ չեղարկելու հավաքը: Ապարդյուն: «Հայ եպիսկոպոսները պայքարում են ճգնաժամից դուրս գալու ուղիների համար» վերնագրյալ հոդվածում կարդում ենք « Հայ Առաքելական Եկեղեցու մոտ 25 եպիսկոպոս՝ աշխարհի տարբեր ծայրերից փետրվարի 17-ից հավաքվել են Սուրբ Պյոլթենում՝ ՀՀ-ում առկա եկեղեցա-քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղիներ փնտրելու համար: Խորհրդակցությունների հոգեւոր գագաթնակետը փետրվարի 17-ի երեկոյան Սուրբ Պյոլթենի տաճարում խաղաղության եւ Հայաստանի համար աղոթքն էր: Սուրբ Պյոլթենի եպիսկոպոս Ալոիս Շվարցը աշխարհի տարբեր ծայրերից եկած եպիսկոպոսներին դիմեց՝ քաջալերանքի  եւ համերաշխության խոսքով: «Այսօր այստեղ ենք հավաքվել՝ աղոթելու միմյանց հետ եւ միմյանց համար՝ Գարեգին Բ կաթողիկոսի եւ Հայ եկեղեցու մյուս առաջնորդների հետ՝ ի խորոց հաղորդակցությամբ» ասել է եպիսկոպոս Շվարցը: kathpress-ը նշում է, որ Գարեգին Բ կաթողիկոսին ՀՀ իշխանությունները արգելել էին լքել Հայաստանը, ուստի վերջինս մասնակցում էր խորհրդակցություններին միայն առցանց: «Հայ եկեղեցին աշխարհին առանձնահատուկ վկայություն է տալիս, շարունակել է եպիսկոպոս Շվարցը, հավատի վկայությունը, որը պահպանվել է դարերի ընթացքում, հաճախ՝ ծանր փորձությունների, հաճախ՝ տառապանքի, բայց միեւնույն ժամանակ՝ միշտ հույսի մեջ»: Հայ եպիսկոպոսներից եւ հավատացյալներից բացի Սուրբ Պյոլթենի տաճարում աղոթքի արարողությանը մասնակցել են եպիսկոպոս Անտոն Լայհթֆրիդը եւ Վիեննայի ասորի ուղղափառ եպիսկոպոս Էմանուել Այդինը: kathpress-ի ծանուցմամբ, Եպիսկոպոսների հանդիպումը սկսվել է Ամենայն հայոց  կաթողիկոսի առցանց ելույթով, Երուսաղեմի, Կոստանդնուպոլսի եւ Կիլիկիայի հայ եկեղեցիների առաջնորդները նույնպես ողջույնի խոսք են հղել մասնակիցներին: Գարեգին Բ կաթողիկոսին, նաեւ բազմաթիվ այլ եպիսկոպոսների հայոց իշխանությունները թույլ չէին տվել լքել ՀՀ-ն, այդ պատճառով ժողովի կարգավիճակը փոփոխվեց: Հայաստանից միայն երկու հոգեւորական՝ եպիսկոպոսներ Արարատ Կալթակջյանը եւ Դանիել Ֆընդիկյանն են ժամանել Փյոլթեն: Իսկ 10 ընդդիմադիր եպիսկոպոսներից միայն մեկը՝ Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է մասնակցում Սուրբ Պյոլթենում անցկացվող խորհրդակցություններին: Սուրբ Փյոլթենում ներկա եպիսկոպոսներն այժմ չեն կարող կանոնական վերջնական որոշումներ կայացնել,  փոխարենը մտադիր են մշակել առաջարկներ, որոնք կքննարկվեն եպիսկոպոսաց ապագա ժողովում, ինչպես հայտարարվել էր Սանկտ Պյոլթենում, իրազեկում է kathpress-ը: ՀՀ կառավարության եւ իշխանությունների՝ Եկեղեցու վրա գործադրվող հսկայական ճնշումը հիշեցնում էր խորհրդային դարաշրջանը: Միեւնույն ժամանակ, եպիսկոպոսների ջանքերը՝ լարված իրավիճակը թուլացնելու եւ կառավարության հետ երկխոսության հույսը պահպանելու համար, հստակ եւ ակնհայտ էին, գրում է ավստրիական հիշյալ աղբյուրը: Բազմաթիվ եպիսկոպոսներ երախտագիտություն են հայտնել Սուրբ Պյոլթենի եպիսկոպոս Շվարցին՝ հյուրընկալության համար: Հավատացյալների մի խումբ ստորագրահավաք է սկսել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Խնդրագիրը կարելի է ստորագրել https://armspyurk.com/ կայք այցելելով, տեղեկացնում է «Կաթպրեսսը»: Նախաձեռնողները կոչ են անում ՀՀ-ում եւ սփյուռքում բոլոր հայերին միավորվել Հայ Առաքելական Եկեղեցու եւ Կաթողիկոսի շուրջ՝ «պաշտպանելու Էջմիածնի Մայր աթոռը, ՀՀ-ում հավատացյալների իրավունքները եւ ժողովրդավարության հիմքերը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարը՝ kathpress-ի

Վերջին ժամ.

Երբ թերթն արդեն տպարանում էր, մեզ հասու դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսության Եպիսկոպոսաց հավաք /փետր. 17-19, 2026

Եկեղեցի, սյուն և հաստատություն ճշմարտության» (Ա Տիմ. Գ 15), ժամանակի պահանջներին համահունչ, ներքին բարենորոգությամբ միշտ կենսունակ է պահել Քրիստոսի Ավետարանը քարոզելու և ժողովրդին դեպի փրկություն առաջնորդելու իր բուն առաքելությունը։

գ․ Միաժամանակ Հայոց Եկեղեցին, որպես համազգային նշանակության հնագույն հաստատություն, մշտապես ջատագովն է եղել հայոց անկախ պետականության գոյության և առավելագույն չափով սատարել և այսօր ևս շարունակում է նպաստել նրա զորացմանն ու առաջընթացին՝ անխախտ համոզումով, որ հայրենի պետությունն է պաշտպանն ու երաշխավորը հայ ժողովրդի հարատևության և ազգային իղձերի իրականացման։ Այդ ճանապարհին Հայոց Եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը։

Այս համատեքստում եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ անում ՀՀ իշխանություններին՝

– դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

– վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

– ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,

– գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

– առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներս միաժամանակ հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին՝

– գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ,

– ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում,

– ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։

Անընդունելի նկատելով արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն ենք նկատում Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել միմիայն եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։

Հայ Եկեղեցու եպիսկոպոսներս վերահաստատում ենք մեր հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կորնթ. ԺԴ 33)։

Օրհնությամբ Հայոց Հովվապետի հանձնառու ենք եպիսկոպոսաց ժողովի պարբերական գումարումով նպաստել Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների քննությանն ու հաղթահարմանը, մեր ժողովրդի կյանքում մեր հոգևոր սպասավորության առավել զորացմանը։

Մեր հորդորն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ուխտապահ հոգևոր դասին՝ անսասան մնալու իրենց կոչման և ծառայության մեջ՝ «օրինակ լինելով հավատացյալներին՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ» (Ա Տիմ. Դ 12)։

Եկեղեցին պիտի անշեղորեն շարունակի իր սրբազան առաքելությունը՝ անկախ արտաքին ճնշումներից՝ հավատարիմ մնալով Սուրբ Ավետարանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը։

Այս առիթով կոչ ենք ուղղում նաև հավատավոր մեր ժողովրդին, որպես Քրիստոսով «մեկ մարմին և մեկ հոգի» (Եփես. Դ 4), հավատարիմ ու համախումբ մնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ և աղոթակցությամբ ու նվիրվածությամբ, բարի գործերով շենացնելու և պայծառացնելու ազգային ու հոգևոր մեր անդաստանները։

Խորապես մտահոգված լինելով Բաքվում Արցախի ղեկավարության նկատմամբ իրականացված կեղծ դատավարությամբ և անօրինական վճիռներով՝ մեր կոչն ենք ուղղում միջազգային հանրությանը և Քույր Եկեղեցիներին շարունակելու ջանքեր ներդնել պատանդառված հայորդիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ։

Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ Բարին Աստված, բարեխոսությամբ Ս․ Աստվածածնի և ամենայն սրբոց, անսասան և անվրդով պահի և պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, զորացնի հայոց անկախ պետականությունը, խաղաղության և բարօրության մեջ առաջնորդի կյանքը աշխարհասփյուռ հայոց ազգի։ Հայցում ենք, որ Տերը խաղաղություն պարգևի համայն աշխարհի, բոլոր ազգերին ու ժողովուրդներին։

«Վերջապես, եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք և խաղաղություն արեք. և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի» (Բ Կոր․ ԺԴ 11)»:

Տ․ Խաժակ Արքեպս․ Պարսամյան

Տ. Հովնան Արքեպս․ Տերտերյան

Տ․ Վիգեն Արքեպս․ Այքազյան

Տ. Արամ Արքեպս․Աթեշյան

Տ․ Եզրաս Արքեպս․ Ներսիսյան

Տ․ Աշոտ Եպս․ Մնացականյան

Տ․ Արմաշ Եպս․ Նալբանդյան

Տ. Արարատ Եպս. Գալթագճյան

Տ․ Մարկոս Եպս․ Հովհաննիսյան

Տ․ Հովակիմ Եպս․ Մանուկյան

Տ․ Տաթև Եպս․ Հակոբյան

Տ․ Նարեկ Եպս․ Բերբերյան

Տ․ Աբգար Եպս․ Հովակիմյան

Տ․ Սերովբե Եպս․ Իսախանյան

Տ. Դանիել Եպս. Ֆընտըգյան

Տ․ Տիրան Եպս․ Պետրոսյան

Տ․ Օշական Եպս․ Գյուլգյուլյան

Տ. Թեոդորոս Եպս. Զաքարյան

Տ․ Մեսրոպ Եպս․ Պարսամյան

Տ․ Կորյուն Եպս․ Բաղդասարյան

Տ․ Կիրակոս Եպս․ Դավթյան

Տ․ Առեն Եպս․ Շահենյան

Տ․ Գրիգոր Եպս․ Խաչատրյան

Տ. Պարթև Եպս. Բարսեղյան

Տ․ Խորեն Եպս․ Առաքելյան

Leave a Comment