«Բենֆիկան» աջակցում է ՈւԵՖԱ-ի հետաքննությանը և պաշտպանում իր ֆուտբոլիստին

Լիսաբոնի «Բենֆիկան» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Վինիսիուսի գործով»։ Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը մեղադրել էր լիսաբոնյան ակումբի խաղացող Ջանլուկա Պրեստիանիին խաղի ընթացքում ռասիզմ դրսևորելու մեջ։

Պորտուգալական ակումբն իր հայտարարության մեջ աջակցություն է հայտնել ՈւԵՖԱ-ի հետաքննությանը և պատրաստակամություն հայտնել համագործակցել՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։ «Բենֆիկան» ևս մեկ անգամ ընդգծել է իր անհանդուրժողականությունը ռասիզմի ցանկացած դրսևորման նկատմամբ և հավատարմությունը այն արժեքներին, որոնց վառ խորհրդանիշն է ակումբի լեգենդ Էյսեբիոն։

Միևնույն ժամանակ, ակումբը պաշտպանել է իր ֆուտբոլիստին․

««Բենֆիկան» կրկին հայտարարում է, որ աջակցում է և անվերապահորեն հավատում է Պրեստիանիի վարկածին։ Նրա պահվածքը միշտ աչքի է ընկել հարգանքով մրցակիցների և այն սկզբունքների նկատմամբ, որոնք բնորոշում են «Բենֆիկայի» ինքնությունը։ Ակումբը ափսոսանք է հայտնում վարկաբեկման արշավի կապակցությամբ, որի զոհն է դարձել ֆուտբոլիստը»,- ասվում է հայտարարության մեջ։

Leave a Comment