Բագրատ Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով

Բագրատ Սրբազանը կմնա կալանքի տակ։ Այսօր՝ փետրվարի 19-ին, «Սրբազան պայքար»-ի գործով հերթական դատական նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը դատարանին միջնորդեց Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը 3 ամսով երկարացնել։

Նշենք, որ 18 մեղադրյալներից կալանքի մեջ են միայն Վահագն Չախալյանը և Բագրատ Սրբազանը։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Ըստ հանրային մեղադրողի՝ չեն վերացել խափանման միջոցի կիրառման իրավաչափության պայմանները, և, ինչպես նախորդ որոշմամբ դատարանն արձանագրել էր, խափանման միջոցի կիրառման հիմքերը երկուսն են՝ հանցանք կատարելու հավանականությունը և դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունների չկատարումը։

«Սույն գործը դեռևս գտնվում է նախնական դատալսումների փուլում, և դեռևս չենք անցել ապացույցների հետազոտմանը, իսկ Գալստանյանին մեղսագրվող արարքի առանձնահատկությունները, վարույթի նյութերում առկա փաստական տվյալները վկայում են, որ վերջինս առանձնակի առանցքային դերակատարություն է ունեցել մեղսագրվող ենթադրյալ արարքի կատարման գործընթացում։ Բավարար հիմքեր կան ողջամտորեն կանխատեսելու, որ այդ խափանման միջոցի բացակայության պայմաններում կարող է չկատարել դատարանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները»,- նշեց նա։

Հանրային մեղադրողի խոսքով՝ Վերաքննիչ քրեական դատարանն էլ արձանագրել է այդ հիմքերի առկայությունը, թեև հանցանք կատարելու հիմքի առկայությունը դիտարկել է նվազ, այդուհանանդերձ, ըստ մեղադրողի, այն առկա է։

Հանրային մեղադրողի ելույթից հետո ապակուց այն կողմ, որտեղ նստած էին Սրբազան պայքարի աջակիցները, իրավիճակը լարվեց։

«Ազատություն արդարներին, ազատություն»,- լսվում էր նիստերի դահլիճում։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը պահանջեց կարգադրիչներից դատարանում կարգ ու կանոն ապահովել, որից հետո ելույթ ունեցավ Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Անդրադառնալով միջնորդությանը՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է 18 արդարների նկատմամբ բացառապես այն պատճառով, որ վերջիններս ունեցել են քաղաքական հայացքներ և փորձել են դրանք արտահայտել խաղաղ անհնազանդության ակցիաների, եւ ոչ՝ բռնի պայքարի կանոններով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ապօրինի գործիքակազմով խոչընդոտելու ՀՀ լիիրավ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացմանը։

«Քրեական վարույթը նախաձեռնվել է նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի նկատմամբ։ Այս հետապնդումը ապօրինի է, հիմնված է կեղծ ապացույցների վրա, չի հետապնդում քրեադատավարական նպատակ։

Այս գործն ունի այլ քողարկված նպատակ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է այն ժամանակահատվածում, երբ հետագայում տեսանք և հասկացանք, որ կազմակերպվում էր Առաքելական եկեղեցու դեմ արշավը։ Շարժառիթը նաև եղել է Հայ առաքելական եկեղեցու ներսում կշիռ ունեցող հոգևորականի մեկուսացումը, որպեսզի դյուրին դարձվի եկեղեցու դեմ արշավը։

Կա մեկ լուծում այս իրավիճակում ճիշտ գտնվելու համար, վստահորդիս նկատմամբ խափանման միջոց չպետք է ընտրված լինի»,- նշեց պաշտպան Խուդոյանը։

Դատավոր Կարեն Ֆարխոյանն, այնուամենայնիվ, որոշեց բավարարել միջնորդությունը և Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկարացրեց 2 ամսով։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment