Բագրատ սրբազանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով

Բագրատ սրբազանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով

19 փետրվարի 2026 – 16:57 AMT

PanARMENIAN.NetԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ ընտրված կալանքի ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով։ «Սրբազան պայքար» գործով հերթական դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարել է դատախազի պահանջը, որը վերաբերում էր երեքամսյա կալանքի երկարացմանը։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը որպես հիմնավորում նշել է, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում, և Բագրատ Սրբազանը կարող է խոչընդոտել դատական գործընթացի բնականոն ընթացքին։ Դահլիճում ներկաները միջնորդությունը դիմավորել են «ազատություն» վանկարկումներով, հայտնում է Sputnik Արմենիան:

Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը շեշտել է, որ ընթացակարգը հակաիրավական է և ընդգծել, թե տվյալ գործով միակ իրավաչափ լուծումը կարող է լինել դրա կարճումը։

Բագրատ սրբազանը հայտարարել է, որ չի ընդունելու «տնային կալանք» խափանման միջոցը։

«Չեմ ընդունելու նաև գրավ. դրա բացարձակ անհրաժեշտությունը չկա։ Չեմ ընդունելու էլեկտրոնային սարքը՝ այդ «դնչկալը», ոտնակապը. երկրից բացակայելու արգելքն է, որն ամենավիրավորականն է։ Միակ տարբերակն այստեղից գնալն է, սակայն սա էլ ազատություն չէ, այլ պայմանների փոփոխություն»,– ասել է սրբազանը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է 2025 թվականի հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել են Հայաստանում իրականացնել ահաբեկչական գործողություններ և քայլեր, որոնք ուղղված են եղել իշխանության զավթմանը։

Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքը երկարացվել էր երեք ամսով, իսկ նոյեմբերի 13-ին այն կրկին երկարացվել է ևս երեք ամսով։

Leave a Comment