Իշխանությունները շուտով կքննարկեն առցանց տաքսու վարորդներին պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում ընդգրկելու հարցը, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ առցանց տաքսու ոլորտի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել միանալ ապահովագրական համակարգին։
«Ինձ համար շատ ուրախալի է, որ մեր տաքսու վարորդները, տեսնելով ապահովագրության այն կարևոր ձեռքբերումները, որոնք մեր այլ քաղաքացիներն ունեն, հայտ են ներկայացրել, որ ընդգրկվել ապահովագրության շրջանակներում։ Մենք առաջիկայում կքննարկենք այս հարցերը և կհասկանանք ինչ հնարավորություններ ունենք մինչև 2027 թվականի հունվարի 1-ը նրանց ևս դիտարկել»,- նշեց նախարարը։
Ավանեսյանը նշեց, որ օրենքի համաձայն՝ քաղաքացիա-իրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում կընդգրկվեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Երևանում առցանց տաքսու վարորդներն ավելի վաղ բողոքի ակցիա էին անցկացրել և ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով, որ իշխանությունները լուծեն առցանց տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները։ Նրանք հայտարարել էին, որ վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և զրկված են սոցիալական նպաստներից։
Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների՝ հարթակների միջնորդավճարները 3-4%-ից բարձրացել են մինչև 25-35%։ Վարորդները պահանջում են, որ այս վճարները նվազեցվեն մինչև 10%, ներառյալ հարկերը, որ աշխատող և հարկ վճարող քաղաքացիները ճանաչվեն որպես պաշտոնական աշխատակիցներ ապագա կենսաթոշակների հաշվարկման նպատակով, և որ նրանք ներառվեն պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգում։
