ՀՀ–ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա

ՀՀ–ում օտարերկրյա ներդրողը տեղականին հավասար իրավունքներ կունենա

19 փետրվարի 2026 – 13:50 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ում օտարերկրյա ներդրողը տեղական ներդրողի հետ ունենալու է հավասար իրավունքներ։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, ներկայացնելով «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նշել է, որ այն ստեղծել է իրավական հիմքեր թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրումների համար։ Նրա խոսքով՝ այդ կերպ սահմանվել է նաև խտրականության բացառման հստակ երաշխիք, հայտնում է Sputnik Արմենիան:

«Սահմանվում են այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներ, աշխատողներ վարձելու երաշխիքներ, վեճերի լուծման մեխանիզմը, արդարադատության մատչելիությունը և այլն»,– ընդգծել է Սիրականյանը։

Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ օտարերկրյա ներդրողները այսպիսով կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, ինչպես նաև առավել բարենպաստության ռեժիմ։

«Այսպիսով կապահովվի ավելի պարզ, թափանցիկ, կայուն և կանխատեսելի միջավայր»,– ընդգծել է նա։

Օրենսդրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովին՝ հետագա քննարկման նպատակով։

Leave a Comment