Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եթովպիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրոպայում ձևավորվող նոր պաշտպանական ճարտարապետությունը չի կարող արդյունավետ լինել առանց Թուրքիայի մասնակցության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նրա խոսքով՝ եթե Եվրոպան իսկապես ցանկանում է կառուցել նոր անվտանգության համակարգ, ապա «առանց Թուրքիայի դա կլինի թերի»։
Էրդողանն ընդգծել է, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ և ամենաարդյունավետ ուժերից մեկն է, և Թուրքիան այն երկրներից է, որը ոչ միայն բանակցային սեղանի շուրջ է խոսում, այլ նաև իրականում ցուցադրում է իր կարողությունները դաշտում։ Նա հավելել է, որ Եվրոպան պետք է վերանայի Թուրքիային շրջանցող մոտեցումները և ընդունի, որ առանց Անկարայի մասնակցության իրական հավասարակշռություն և անվտանգություն հնարավոր չէ։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ իրենք տարիներ շարունակ պնդել են, որ Եվրոպական միության անվտանգության և պաշտպանության մեխանիզմներում Թուրքիայի ներգրավումը կնպաստի աշխարհամասի ընդհանուր կայունությանը։ Նրա խոսքով՝ աշխարհում արագ փոփոխությունների պայմաններում Եվրոպան չպետք է առաջնորդվի սահմանափակ և գաղափարական մոտեցումներով, այլ պետք է հաշվի առնի տարածաշրջանային ուժերի իրական դերակատարությունը։