Հակակոռուպցիոն դատարանը նախագահության Դրմեյանի, փետրվարի 18-ին դռնբաց դատական նիստում շարունակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննությունը, որի վարույթը կասեցված է։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը, պատասխանող Առուշ Առուշանյանը, ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը։
Գործի վարույթը կասեցվել էր փաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու համար։ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ը հայտնել է, որ փորձաքննության հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել ներկայացված փաստաթղթերում տպագիր և ձեռագիր գրառումների ստորագրությունների կատարման ժամանակահատվածը։ Բյուրոն նշել է, որ այս հետազոտությունը պահանջում է փաստաթղթերի մասնակի վնասում՝ դենսիտոմետրիկ մեթոդ կիրառելով ներկանյութի նմուշներ վերցնելու համար, ինչը փաստաթղթերում մեկ միլիմետր տրամագծով անցքեր կստեղծի։ Գրության և ծրարի պատճենը ուղարկվել էր և հայցվորին և պատասխանողին։
Պատասխանողի ներկայացուցիչ Հաբեթ Մարտիրոսյանը հարցեր բարձրացրեց այս մեթոդի կիրառման վերաբերյալ, նա նշեց, որ անհասկանալի է մասնակի վնասման հետ կապված ձևակերպումը, մասնավորապես՝ 10-12 տարվա վաղեմության բնօրինակ փաստաթղթերի վնասման հետևանքները, դրանց հետագա օգտագործման հնարավորությունը պետական հիմնարկներում, ինչպես նաև փորձաքննության եզրակացության հավաստիության հարցերը։ Պատասխանող կողմին հետաքրքրում էր, թե այս մեթոդի կիրառությունից հետո արդյո՞ք փաստաթղթերը չեն դիտարկվի որպես վնասված և արդյո՞ք արժանահավատության խնդիր չի առաջանա։ Ներկայացուցիչը հայտնեց, որ պատասխանները ստանալուց հետո հանդես կգան համապատասխան միջնորդություններով։ Եթե պարզվի, որ այս փաստաթղթերը հետագայում կիրառել հնարավոր չի լինի՝ պաշտպանական կողմը կառարկի ։ Երրորդ հարցը՝ փորձաքննության հարցադրումը վերաբերում է արդյո՞ք միայն տպագիր գրառումներին, թե նաև ձեռագիր գրառումներին:
Նշված հարցերից որոշների պատասխանները պետք է տրվեն փորձագետի կողմից։
Հաբեթ Մարտիրոսյանը միջնորդեց փորձագետին հրավիրել դատարան, նշելով, որ պատասխանողի ներկայացուցչի բարձրացրած հարցերի պատասխանի համար անհրաժեշտ է փորձագետի անձամբ ներկայությունը դատարանում։
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը և փորձագետին հրավիրել հաջորդ նիստին, որպեսզի բոլոր բարձրացված հարցերը քննարկվեն նրա մասնակցությամբ, ինչը ավելի արդյունավետ կլինի, քան գրավոր պատասխանները ստանալը։
Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 23-ին, ժամը 14:30-ին։
Մանրամասները տեսանյութում