Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կարծում է, որ Իրանի տարածքում կարող է լինել մոտավորապես 440 կգ մինչև 60% հարստացված ուրան: Այս մասին Foreign Policy ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Վերջին տվյալների համաձայն՝ խոսքը մոտավորապես 440 կգ մինչև 60% հարստացված ուրանի մասին է, և նույնիսկ ավելի մեծ քանակությամբ՝ հարստացված մինչև 20% և 5% մակարդակներում։ Այսպիսով, այնտեղ կա միջուկային նյութերի մեծ պաշար», – ասել է նա։ Գրոսին նշել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչները ներկայումս մուտք չունեն Իրանի միջուկային օբյեկտներ։ «Ահա թե ինչու, ի թիվս այլ բաների, շատ կարևոր է վերականգնել այդ մուտքը։ Եվ կա մեկ այլ կետ. միջուկային նյութերը դեռևս այնտեղ են», – ասել է գործակալության տնօրենը։
«Մենք պետք է վերադառնանք այնտեղ՝ ստուգելու համար, որ դրանք չեն շեղվել կամ թաքցվել որևէ տեղ», – ավելացրել է Գրոսին։ ԱԷՄԳ-ի դասակարգման համաձայն՝ միջուկային զենք արտադրելու համար ուրանը պետք է հարստացվի մինչև 90%, և մոտավորապես 42 կգ մինչև 60% հարստացված ուրան «տեսականորեն բավարար է» մեկ միջուկային զենք ստեղծելու համար։