Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին առանց վետոյի իրավունքի։
«Սերբիայի համար ԵՄ անդամակցությունն առանց վետոյի իրավունքի ընդունելի է», – ասել է նա գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» (FAZ) թերթին տված հարցազրույցում։ «Մեզ համար ամենակարևոր կողմը ներքին շուկան է, ինչպես նաև ապրանքների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժը», – հավելել է Վուչիչը։ «Սրանք այն հիմնական նպատակներն են, որոնց մենք ցանկանում ենք հասնել ԵՄ անդամակցության միջոցով», – հայտարարել է նա։
Ավելի վաղ Սերբիայի նախագահը կոչ էր արել կատարել ԵՄ բոլոր պահանջները, նույնիսկ եթե դրանք շանտաժի կամ նվաստացման տպավորություն են թողնում, որպեսզի արագացվի եվրոպական ինտեգրացիան։ Վուչիչը խոստովանել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Սերբիայի ԵՄ անդամակցությանը հանրային աջակցությունը 80%-ից նվազել է մինչև 40%։