Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Աթենք ժամանած նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի առանձնազրույցը։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հունաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն` պայմանավորված երկու երկրների քաղաքակրթական, մշակութային կապերով»,- առանձնազրույցի մեկնարկին նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ուրախությամբ արձանագրում ենք, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել ամենատարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական։ Վերջին տարիները մեր երկրի համար դժվար էին, սակայն գործող իշխանությունը, Կառավարությունը, քաղաքական թիմը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները։ Ու դա արվեց նաև շնորհիվ մեր բարեկամ երկրների»,- ասաց ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի ձգտումն է մոտենալ եվրոպական արժեքներին։

ՀՀ նախագահն անդրադարձավ նաև 2025 թվականի օգոստոսի 8֊-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, դրանից բխող հնարավորություններին, հատկապես Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ նախագահը Հունաստանի նախագահին հրավիրել է Հայաստան։

Leave a Comment