18 փետրվարի 2026 – 16:52 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի երկաթուղիների ռուսական օպերատորը ոչ թե զրկում է մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք, ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա տարօրինակ և «քիչ թույլատրելի» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կապված հայկական երկաթուղիների կառավարման հետ, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ Փաշինյանը ՌԴ-ին առաջարկել էր երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի որևէ բարեկամ երկրի: Վարչապետը կարծում է, որ մի շարք երկրների հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների պայմաններում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը բացասաբար է ազդում նրա մրցունակության վրա:
«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ Եվ այս ուղղությամբ շատ աշխատանք է կատարվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում», – ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը ավելի քան քսան տարի գտնվում է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո։
«Այդ ամբողջ ժամանակահատվածում ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարել է կոնցեսիոն համաձայնագրի բոլոր պայմանները, այլև (երևի թե Երևանում մոռացել են այդ մասին) զգալի միջոցներ է ներդրել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ, որոնք (հարկ է ճշտել հենց ընկերությունից), որքանով հասկանում եմ, դեռ չեն վերադարձվել։ Այն ապահովել է մեծ թվով աշխատատեղեր, ինչը նույնպես պետք է հաշվի առնեն նրանք, ովքեր Հայաստանում ցանկանում են այս թեմայով արտահայտվել։ Ռուսական օպերատորն այն կառույցն է, որը հանրապետությանը չի զրկել մրցակցային առավելություններից, այլ ստեղծել է դրանք», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը՝ Երևանի խնդրանքով Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի ելքն ապահովող երկու երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ, փետրվարի 12-ին ներկայացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Մոսկվան մտադիր է շարունակել առաջնորդվել հենց այդ մոտեցմամբ։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը սկսելու են բանակցություններ հանրապետության տարածքում Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններին հասնող երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին 30 տարի ժամկետով, ևս տասը տարով երկարաձգելու հնարավորությամբ, փոխանցվել է կոնցեսիոն կառավարման «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։