ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված թիրախային ցուցանիշին հասնելն անիրատեսական է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս – 2025» զեկույցը։

Այսպես.

  • Հայաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ), 2025 թվականին 2024-ի համեմատ նվազելով մեկ միավորով, կազմել է 46 միավոր։ 182 երկիր ներառող, ըստ ԿԸԻ-ի կազմված, համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 65-րդ հորիզոնականում է։ Եվս չորս երկրներ՝ Քուվեյթը, Չեռնոգորիան, Նամիբիան և Սենեգալը, ըստ աղյուսակի, գտնվում են նույն` Հայաստանին հավասար հորիզոնականում։

Քանի որ Հայաստանի ԿԸԻ-ն նախորդ տարվա համեմատ նվազել է, ստացվում է, որ մեր երկիրն ավելի է «հեռացել» հակակոռուպցիոն բաղձալի շեմից. հակակոռուպցիոն փորձագետների կարծիքով, եթե երկրում ԿԸԻ-ն 50 միավորից ցածր է, կոռուպցիան լուրջ հիմնահարց է՝ այն դառնում է կառավարման լուրջ խնդիր։

2023 թվականին ընդունված «ՀՀ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության» համաձայն՝ Հայաստանի ԿԸԻ-ի 2026թ. թիրախային ցուցանիշը 55 միավոր է, այսինքն՝ նպատակադրված է, որ 2026-ի ԿԸԻ-ի ցուցանիշը 2023-ի 47 միավորին գերազանցի 8 միավորով։ Իսկ իրականում, անցած ժամանակահատվածում ԿԸԻ-ին, փոխանակ կտրուկ աճելու, դեռ մի բան էլ նվազել է՝ 1 միավորով։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց անիրատեսական է, որ մինչև ռազմավարության ժամկետի ավարտը մնացած մեկ տարվա ընթացքում ԿԸԻ-ն աճի 9 միավորով, հաշվի առնելով, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի սրընթաց աճ երբևիցե չի գրանցվել։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.

 «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Leave a Comment