Ախթալա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Հունվարի 21-ին Հակակոռուպցոն քրեական դատարանում գործ է ստացվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրական եզրակացությամբ։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Նույն օրը գործը մակագրվել և հանձնվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի քննությանը։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն
Ախթալա համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա. Թ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել հասարակության և պետության օրինական շահերին:

Մեղադրական եզրակացության հոդվածները
Ա․ Թ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին մասով։ Այն է՝

Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Կիրառած խափանման միջոցները և գործի հետագա ընթացքը
Մեղադրյաի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը՝ 2․000․000 ՀՀ դրամի չափով։ Նրա պաշտոնեական լիազորությունները դադարեցվել են։

Գործը վարույթ է ընդունվել հունվարի 23-ին։ Առաջին նախնական դատական նիստը նշանակվել է փետրվարի 3-ին։  Դատական նիստը չի կայացել՝ հանրային մեղադրող Էլեն Ծատրյանի դիմումի հիման վրա, որով հայտնել է, որ աշխատանքային ծարաբեռնվածությունից ելնելով չի կարող ներկայանալ։ Գործով հաջորդ դատական նիստերի մասին տեղեկություն Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում դեռևս առկա չէ։

Leave a Comment