Iravaban.net-ը e-drft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից նշակկված նախագիծը, որով առաջարկվում է նոր կարգավորումներ մտցնել է սպառազինության և ռազմական տեխնիկայի (ՍՌՏ) գնումների ընթացակարգում։
Նախագծի նպատակն ու բնույթը
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի, ոչ ռազմական նշանակության ապրանքների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, դրանք Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ծառայությունների գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները, այդ գործընթացին մասնակցող անձանց գործողությունների շրջանակը:
Ինչո՞վ է պայմանավորված նախագծի ընդունումը
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև՝ առանձին դեպքերում, ոչ ռազմական նշանակության ապրանքների գնումների գործընթացը և դրա հետ կապված առանձնահատկությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Այսպես.
Մինչև ՀՀ կառավարության 23.06.2022թ. N 951-Ն որոշման ընդունումը, ՀՀ ՊՆ կողմից ՍՌՏ գնումներն իրականացվում էին՝
– մեծամասամբ ՀՀ և ՌԴ միջև 2013թ․ հունիսի 25-ին կնքված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին․ պայմանագրի շրջանակներում, հետևյալ պայմաններով՝ առկա է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ФСВТС) ամրագրումը և գնումը կատարվում է ՌԴ ներքին գներով։ Այս գնումների մասով ռիսկերը, այդ թվում՝ մատակարարի ընտրության և գնագոյացման հետ կապված, մեծամասամբ ու գործնականում կառավարելի էին, քանի որ գնման սխեմայի ընտրությունը և գները որոշվում էին միջպետական հարաբերությունների մակարդակում,
– առևտրային միջնորդների և արտադրողների միջոցով, որոնց պարագայում գործընկերոջ ընտրության, գնագոյացման, ինչպես նաև դրանց հետ կապված կոռուպցիոն ռիսկերը համեմատաբար բարձր էին և նվազ կառավարելի: Որպես կանոն, գնման գործընթացը նախաձեռնվում և մատակարարի ընտրությունը կատարվում էր մատակարարի առաջարկի կամ տվյալ մատակարարի հետ նախկինում գործակցած լինելու հանգամանքի հիման վրա՝ առանց իրական մրցակցության ապահովման: Գնագոյացումը ռիսկային էր, քանի որ գները ձևավորվում էին ՊՆ/ԳՇ-մատակարար բանակցությունների արդյունքում:
Վերոհիշյալ ռիսկերի նվազեցման և այդ նպատակով ՍՌՏ գնումների կատարման համար որոշակի ընթացակարգեր նախատեսելու՝ դրանց հիմնավորվածությունը և նպատակայունությունն ապահովելու, գործընթացին մասնակցող ստորաբաժանումների և այլ մասնակիցների գործողությունները հստակեցնելու նպատակով ՀՀ կառավարության 23.06.2022թ. N951-Ն որոշմամբ հաստատվեց ՀՀ ՊՆ համակարգում ՍՌՏ գնումների կատարման ընթացակարգերի առանձնահատկությունները:
2022 թվականին նախաձեռնված բանակի կերպափոխման շրջանակում, նպատակ ունենալով փոխարինել մեկ կենտրոնից գերակշռող կախվածությունը բազմաթիվ կենտրոններից ոչ գերակշռող կախվածությամբ, ռազմատեխնիկական միջազգային համագործակցության դիվերսիֆիկացիայի և տեղական ռազմարդյունաբերության արտադրանքի տեսակարար կշռի հնարավորինս ավելացման քաղաքականությունը ՀՀ կառավարության կողմից հռչակվեց առանցքային։ Ռազմատեխնիկական միջազգային համագործակցության նախընտրելի ձևաչափ հռչակվեց պետություն-պետություն մոտեցումը, որը հիմնված է միասնական պատուհանի սկզբունքի վրա, հնարավորինս բացառելով առևտրային միջնորդների ներգրավումը։
Արդյունքում՝ ՌԴ-ից բացի, բարեկամ երկրների հետ նախաձեռնվեցին ՍՌՏ ձեռքբերման գործընթացներ, ինչը առաջ բերեց նոր իրողություններ և դրանց իրավական կարգավորման առանձնահատկություններ։ Մասնավորապես՝
– Չինաստանից ՍՌՏ ձեռքբերման գործընթացն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով՝ պայմանագրերը կնքվում են չինական «Պոլի Թեքնոլոջի» ընկերության հետ,
– Իրանից ՍՌՏ ձեռքբերման գործընթացն իրականացվում է պատուհանի սկզբունքով՝ պայմանագրերը կնքվում են երկրի պաշտպանության նախարարության հետ,
– 2022-2025թթ․ ՍՌՏ ձեռքբերման պայմանագրեր են կնքվել հնդկական, ֆրանսիական և այլ երկրների մի շարք արտադրող ընկերությունների հետ, որոնք Հայաստան արտահանման թույլտվություններ են ստացել իրենց կառավարություններից:
Ի տարբերություն ՌԴ-ի՝ նշված երկրների հետ առկա չեն ՍՌՏ ձեռքբերման վերաբերյալ միջազգային պայմանագրեր, սակայն վերջիններիս հետ ձևավորված միջկառավարական հարաբերությունների արդյունքում վերոհիշյալ գործընթացները իրականացվում են պետություն-պետություն համագործակցության ձևաչափով: Արդյունքում՝
– ՍՌՏ ձեռքբերման պայմանագրերը կնքվում են այն մատակարարների հետ, որոնց ուղղորդում և/կամ երաշխավորում են այդ երկրների իրավասու կառույցները,
– առաջին մասում նշվածով պայմանավորված կանխավճարների և որակավորման ապահովումներ հիմնականում չեն պահանջվում, ինչպես նաև,
– ՀՀ կառավարության 23.06.2022թ. N951-Ն որոշմամբ սահմանված մրցակցության ապահովման, մատակարարների հետ հաղորդակցության և այլ ընթացակարգեր առանձին դեպքերում հնարավոր չէ պահպանել:
Նշված առանձնահատկությունները հաշվի առնելով, այդ գնումների դեպքում՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ առաջարկությամբ գնման ենթակա ՍՌՏ ցանկը ՀՀ պաշտպանության նախարարի հետ համաձայնեցնելուց հետո այն ներկայացվում է ՀՀ անվտանգության խորհրդի քննարկմանը, որի դրական որոշման դեպքում ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվում ՀՀ պաշտպանության նախարարությանը գնումներ կատարելու թույլտվություն տալու որոշման նախագիծ, որի հաստատվելուց հետո կնքվում են գնման պայմանագրեր։
Վերը նշված ընթացակարգը կիրառելու անհրաժեշտությունն առաջանում է նաև այն դեպքերում, երբ առկա չէ միջազգային պայմանագիր և նախատեսվում է ձեռք բերել ոչ ռազմական նշանակության ապրանք, որը կիրառվելու է ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, սակայն շուկայում նման ապրանքի մատակարար ընկերության վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ կամ ապրանքի բնույթից ելնելով՝ նման ապրանք ՀՀ չի ներկրվում: Օրինակ՝ տրանսպորտային ինքնաթիռի մասեր:
2026թ․ հունվարի 1-ի դրությամբ ՀՀ կառավարության թվով 17 որոշումներով նախատեսվել է թույլատրել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ իրականացնել սպառազինության գծով գնումներ (կամ տրամադրել կանխավճարներ)՝ չկիրառելով ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 23-ի N 951-Ն և 2017թ․ մայիսի 4-ի N 526-Ն որոշումների պահանջները:
Նշված բացառությունների սահմանումը պայմանավորված է վերը նշված հանգամանքներով, քանի որ վերոհիշյալ որոշումներով նախատեսված կարգավորումները տվյալ գործարքների մասով կիրառելի չեն: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 23-ի N951-Ն որոշմամբ նախատեսվում է.
- գնման հայտով հավաստման ներկայացում, որ տվյալ գնումը հնարավոր է իրականացնել միայն այդ անձից: Նշված դեպքերում օբյեկտիվ պատճառներով նշված պահանջը հնարավոր չէ ապահովել, քանի որ տեսականորեն գնումը կարող է կատարվել այլ երկրների այլ մատակարարներից, սակայն գործնականում դա հնարավոր չէ։
- կանխավճար նախատեսվելու դեպքում, մինչև կանխավճարի հատկացումը, պետք է պատվիրատուին ներկայացվի ՀՀ-ում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիք՝ կանխավճարի չափով: Նշված դեպքերում ընկերությունները հիմնականում հրաժարվում են բանկային երաշխիքների ներկայացումից, քանի որ դրա փոխարեն տվյալ երկրի իրավասու կառույցները երաշխավորում են պայմանագրերի կատարումը:
- որոշակի ընթացակարգով հրավերի տրամադրում ընկերություններին, վերջիններիս կողմից գնային առաջարկի ներկայացում, բանակցությունների վարում, սակայն դրանք տվյալ դեպքում կիրառելի չեն:
ՀՀ կառավարության 2017թ․ մայիսի 4-ի N526-Ն որոշմամբ հաստատված կարգով նախատեսվում են պայմանագրերում ներառել որոշ պարտադիր դրույթներ, ստորագրել հանձնման-ընդունման արձանագրություն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ձևաչափով և այլն, որոնք տվյալ դեպքում կիրառելի չեն, քանի որ ընկերություններն առաջարկում են կնքել իրենց կողմից մշակված ձևաչափին համապատասխան պայմանագրեր:
Յուրաքանչյուր դեպքում ՀՀ կառավարության որոշմամբ բացառություններ չսահմանելու համար առաջարկվում է ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 23-ի N951-Ն որոշման հավելվածի 7-րդ կետը լրացնել նոր ենթակետերով՝ նախատեսելով, որ, եթե առկա չէ միջազգային պայմանագիր և նախատեսվում է ձեռք բերել ոչ ռազմական նշանակության ապրանք, որը կիրառվելու է ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով, սակայն շուկայում նման ապրանքի մատակարար ընկերության վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ և ստացվել է «Рособоронэкспорт» կամ «Национальная авиационно-сервисная компания» բաժնետիրական ընկերությունների կամ տվյալ ապրանքն արտադրող ընկերության առևտրային առաջարկ, կամ ՍՌՏ ձեռքբերումը պետք է իրականացվի ոչ ռեզիդենտ ընկերությունից, ինչպես նաև եթե նախատեսվում է ՀՀ տարածքից դուրս ձեռքբերված ապրանքները ՀՀ տեղափոխելու ծառայությունների ձեռք բերում կոնկրետ ընկերությունից, ապա հարցը ներկայացվում է ՀՀ Անվտանգության խորհրդի քննարկմանը և վերջինիս համաձայնությունը ստանալու դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքում կոնկրետ ընկերության հետ՝ անհրաժեշտության դեպքում պայմանագրով նախատեսելով կանխավճարի տրամադրում առանց բանկային երաշխիքի ներկայացման, ինչպես նաև առանց ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 23-ի N951-Ն որոշմամբ նախատեսված ընթացակարգերի պահպանման։
Հաշվի առնելով, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ռեգլամենտային, նորոգման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտությունը կրում է շրջափուլային բնույթ, միտված է սպառազինություն ու ռազմական տեխնիկան մարտունակ վիճակում պահելուն և դրա համար չի ձևավորվում նոր պահանջարկ՝ առաջարկվում է դրանց ձեռքբերումն իրականացնել ընդհանուր հիմունքներով, առանց ՀՀ կառավարության 2022թ․ հունիսի 23-ի N951-Ն որոշմամբ սահմանված առանձնահատկությունների կիրառման:
Բացի վերոնշյալից՝ առաջարկվում է նաև փոփոխել ՀՀ ՊՆ ներքին ընթացակարգային որոշ կանոններ, ինչի անհրաժեշտությունն ի հայտ է եկել որոշման կիրառման ընթացքում։
Բյուջետային ազդեցությունը
Որոշման նախագծի ընդունումը 2026թ․ և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում: