«Հայաքվեն» ընտրություններին կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ

«Հայաքվեն» ընտրություններին կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ

18 փետրվարի 2026 – 14:17 AMT

PanARMENIAN.Net«Հայաքվե» նախաձեռնությունն ընտրություններին կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ։ Այդ մասին հայտարարել են նախաձեռնության անդամները։

«Հաշվի առնելով առկա իրողությունները՝ մենք մեր ուժերը կհամադրենք գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ։ Միասնական ճակատով պետք է հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշաիցում, կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին, կարողանանք իրական իշխանափոխություն իրականացնել»,-ասել է նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, հայտնում է Panorama.am-ը։

Թե կոնկրետ որ քաղաքական ուժերի հետ են մասնակցելու ընտրություններին, Չալաբյանը չի բացահայտել՝ նշելով, որ այդ մասին կհայտարարի ավելի ուշ, երբ գործընթացում ներգրավված լինեն բոլոր կողմերը, հակառակ դեպքում դա կարող է դիտվել որպես բանակցային էթիկայի խախտում։ Նա լրագրողներին հորդորել է համբերատար լինել։

«Հայաքվեն», ընտրվելու պարագայում, խոստացել է հանրակրթությունը դարձնել 11-ամյա, բարձրացնել կենսաթոշակների չափը, մեծացնել պաշտպանական հատկացումները, զինվորական ծառայությունը դարձնել գրավիչ և պատվաբեր, ինչպես նաև վերացնել հասարակության մեջ առկա բաժանարար գծերը։

Ավետիք Չալաբյանը նշել է, որ տարածաշրջանային բարդ իրավիճակում պետականության պահպանումը պահանջում է ուժերի բազմապատկում և երկրի պաշտպանություն սեփական իրական ներուժով։

«Այդ նպատակով մենք կհամախմբենք մեր հասարակությանն արտաքին վտանգի դեմ պայքարում, կմեղմենք կամ կվերացնենք այն բաժանարար գծերը, որ ստեղծել է այս վարչախումբը։ Մենք հետևողականորեն կուժեղացնենք մեր բանակը»,-ասել է նա։

Նախաձեռնությունը հայտարարել է, որ կրթության և գիտության զարգացման ուղղությամբ մշակել է ծրագիր, որն ունի հայկական ուղղվածություն։ Նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը նշել է, որ ժամանակակից աշխարհում անվտանգությունը սկիզբ է առնում ոչ թե խրամատից, այլ դասասենյակից և լաբորատորիայից։

«Սահմանամերձ գյուղերի դպրոցների լույսերը չենք թողնելու, որ մարեն, սահմանամերձ գյուղերում դպրոցներ չեն փակվելու։ Մենք հանրակրթությունը կդարձնենք 11-ամյա, աշակերտներին ու նրանց ընտանիքներին կազատենք կրկնուսույցների գերությունից։ 12-ամյա կրթությունն իրեն չի արդարացրել»,-հայտարարել է նախաձեռնության անդամը։

Անվտանգության ոլորտին վերաբերող ծրագրերը ներկայացնելիս՝ Ավետիք Քերոբյանը նշել է. «Մեր նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն հասցնել ոչ վերականգնելի կորուստներ։ Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն ու հրաժարվեն այդ մտքից։ Մենք պետք է լինենք այն ոզնին, որն ունի սուր ու երկար փշեր, և որի հետ պետք է միայն խաղաղություն ուզենալ»։

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նշել է, որ ներկայումս թոշակառուներին տրամադրվող 36 հազար դրամը բավարար է միայն սովամահությունից խուսափելու համար։

«Մենք իրականացնում ենք արշավ թոշակառուների հետ կապված, հայտարարում ենք, որ իշխանության մաս կազմելու հենց հաջորդ օրը սկսկելու ենք աշխատանք, որ հաջորդ երկու տարում թոշակը բարձրանա 50 տոկոսով, ամեն տարի տեղի է ունենալու թոշակի ինդեքսավորում»,-ասել է Կամենդատյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment